Եթե մեռնելու ենք, ավելի լավ է մեռնենք կռվելով ու պատվով. այսօր Պետրոս Ղևոնդյանի՝ Պետոյի ծննդյան օրն է

1964 թվականի հունվարի 30-ին ՀԽՍՀ Նաիրիի շրջանի Պռոշյան գյուղում է ծնվել  Արցախյան ազատամարտի հերոս Պետրոս (Պետո) Ղևոնդյանը։

ԵՊՀ ռադիոֆիզիկայի ուսանողը Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցներից էր։ Նա որպես կամավոր մեկնեց Արցախ։ Իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ նա մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քարվաճառի թշնամական հենակետերի ոչնչացման ռազմագործողությանը՝ բազմիցս ցուցաբերելով խիզախություն ու հերոսություն։

1991թ. ապրիլի 18-ին պռոշյանցիների խումբն ուղղաթիռով Շահումյանից մեկնում է Գետաշեն ու տեղ հասնելուն պես Պետոն ու իր ընկեր Կարոտը անմիջապես ներկայնում են Թաթուլ Կրպեյանին` քննարկելու իրենց ջոկատի հետագա անելիքների մանրամասները: Դա Թաթուլի, Պետոյի և Կարոտի առաջին և, ցավոք, վերջին հանդիպումն էր:

Մահը բազմիցս անցել է Պետոյի կողքով, սակայն նա Ղարաբաղի ամենաօրհասական օրերին, անգամ Գետաշենի, Մարտունաշենի ողբերգական անցքերից հետո, երբեք չապրեց պարտվողի հոգեբանությամբ:

Պետոն համոզված էր, որ հաղթանակի կարևորագույն պայմանը անմնացորդ նվիրումն է, ազնիվ ու վճռական պայքարը:

1994 թվական. փետրվարի 14-ին թուրքական ուժերը ղարաբաղյան զորամիավորումների հարվածներից մազապուրծ` լքում են իրենց դիրքերը և անցնելով Օմարի լեռնանցքը` ԼՂՀ բանակի մարտիկների տնօրինությանն են թողնում լեռնաշղթայի ամրակուռ բարձունքները:

Լեռնալանջերին դիրքավորված մարտիկներին անհրաժեշտ էր ժամանակին ապահովել սննդով ու տաք հագուստով: Թիկունքն առաջավոր դիրքին կապող ասֆալտապատ միակ ճանապարհը, որն անցնում է Յանշաղ և Ղամիշլի գյուղերով, ձյան պատճառով տեղ-տեղ դեռևս խցանված էր: Անհրաժեշտ էր բացել այդ ճանապարհը և ժամանակին լուծել դիրքերում ամրացված զինվորների մատակարարման խնդիրները: Պետոն այդ նպատակով, Յանշաղից իջնում է Ղամիշլի, ապա շարժվում դեպի Գյանջա- Քարվաճառ ճանապարհահատվածի խաչմերուկի ուղղությամբ: Գյանջա տանող ճանապարհին, խաչմերուկից 6-7 կմ հեռավորության վրա հանդիպում է շտապօգնության մեքենայի և նրա շուրջը խմբված զինվորների պատմածներից տեղեկանում, որ նրանց հանձնարարված է մարտադաշտից դուրս բերել ԼՂՀ բանակի այնտեղ մնացած վիրավոր զինվորներից մեկին:

Բայց քանի որ ճանապարհը թուրքերի կողմից ականապատված էր, շտապօգնության մեքենայի սպասարկող անձնակազմը երկյուղելով ողբերգական հետևանքներից` չէր համարձակվում առաջ շարժվել, իսկ մարտադաշտում նրանց օգնությանն էր սպասում վիրավոր զինվորը:

Պետոն, չնայած սպառնացող վտանգին, չէր կարող անտարբեր լինել մարտադաշտում միայնակ մնացած մարտիկի նկատմամբ: Նա նստում է շտապօգնության մեքենայի ղեկին և միայնակ շտապում վայրկյան առաջ մարտադաշտից դուրս բերել վիրավոր մարտիկին:

Մի քանի ակնթարթ անց լսվում է պայթյունը և ականի բեկորներից խոցված` Պետոն կնքում է իր մահկանացուն, իսկ հաշված րոպեներ անց այդ նույն ճանապարհով ավտոմեքենաներով, արդեն անարգել, անցնում էին ղարաբաղյան բանակի զինվորները: Պետոն զոհվել է 1994 թ. փետրվարի 14-ին, Քարվաճառում, երբ նոր էր լրացել նրա 30 տարին։

Արցախի հերոս, ազատամարտիկ, հրամանատար Պետրոս Ղևոնդյանը 1996 թ. ԼՂՀ-ի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» շքանշանով: Նույն թվականին ՀՀ-ի կողմից հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով, ավելի ուշ ստացել է «Ոսկե արծիվ» շքանշանը` արժանանալով «Արցախի հերոս» կոչմանը: Նրա անունով են կոչվել Պռոշյանի, Եղեգնուտի և Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի միջնակարգ դպրոցները: Իսկ 2007-ին նրա հարազատ ֆակուլտետում բացվել է «Պետրոս Ղևոնդյան» անունը կրող լսարան: