Հայրենիք ունենալու համար պետք է դաստիարակել հայրենասեր սերունդ․ Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց Բանակ (տեսանյութ)

«Զորակա՛ն, կռվիր այնպես, որ կարողանաս ասել զենքի ընկերներիդ՝ ինձ պես կռվեցեք»։ 

Գարեգին Նժդեհ

Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է։ 32 տարի առաջ անձնուրաց, հայրենասեր, անկոտրում կամքի և միասնական ջանքերի շնորհիվ կազմավորվեց Հայոց Ազգային բանակը՝ Կառավարության «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշմամբ (1992 թ․ հունվարի 28), որը կոչված էր պաշտպանելու երկու հայկական պետականությունները՝ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը:

Այսօր, երբ Հայոց բանակն ու հայ ժողովուրդն արդեն մի քանի տարի բավականին դժվար և շարունակական կորուստներով ժամանակ է ապրում և ժամանակավոր կորցրել է իր մի մասին՝ Արցախի Պաշտպանության Բանակն և Արցախի Հանրապետությունը, դժվար է տոնական տրամադրությամբ լցվել և ցնծալ, բայց և պետք է հավատալ, որ Հայոց բանակը դեռ ուղղելու է իր կորացած մեջքն ու կրկնելու է իր անցյալի հաղթական սխրանքներն ու փառավոր ուղին։

Հենց այդ հավատի և վստահության ամրապնդմանն է ուղղված «Հայ-Ամերիկյան մանկական կենտրոն»-ի կազմակերպած միջոցառումը՝ Հայաստանի Հանրապետության ամենակարևոր տոնի՝ Հայոց բանակի օրվա առթիվ։

Միջոցառման նպատակն է կենտրոնի սաներին ներկայացնել մեր ժողովրդի հերոսական պատմությունը, Հայ զինվորի գործած սխրանքներն ու հաղթանակները, ինչպես նաև  կրթել և դաստիարակել հայրենասիրության, պահանջատիրության, մարտական ոգով տոգորված սերունդ, որը կկարողանա կրկին ուղղել մեր մեջքը, և Հայի անունն ու պատիվը բարձր պահել ողջ աշխարհում։

Շնորհավո՛ր տոնդ, հայկակա՛ն բանակ,

Փառք, պատիվ ու երախտիք հայ զինվոր,

Փառք ու պատիվ, երախտիք ու խոնարհում մեր անձնվեր հերոսների հիշատակին: