Եվրամիության դեսպանները համաձայնեցրել են հօգուտ Ուկրաինայի ՌԴ ակտիվների շահույթի օգտագործումը

Եվրամիության 27 երկրները համաձայնել են ՌԴ Կենտրոնական բանկի սառեցված ակտիվների արտապլանային եկամուտներն օգտագործել Ուկրաինայի վերականգնման ֆինանսավորման համար։ Այս մասին գրում է rbc.ru-ն:

«ԵՄ դեսպանները հենց նոր սկզբունքորեն համաձայնել են չնախատեսված շահույթների օգտագործման մասին՝ կապված արգելափակված ակտիվների հետ, աջակցելու համար Ուկրաինայի վերականգնմանը»,- նշվել է Բելգիայի մշտական ներկայացուցչության X սոցցանցի հաղորդագրությունում։

Reuters գործակալությունը, հղում կատարելով բելգիական աղբյուրին, գրել է, որ համաձայնությունն ուժի մեջ կմտնի գագաթաժողովից մի քանի օր առաջ, որտեղ Եվրամիության ղեկավարները հավաքվելու են Հունգարիայի առարկությունը հաղթահարելու համար՝ Կիևին հաջորդ չորս տարիներին 50 մլրդ եվրո հատկացնելու հարցում։

Ռուսաստանն ավելի վաղ հայտարարել էր, որ իր ակտիվների հետ կապված ցանկացած գործողություն Արևմուտքում կգնահատվի որպես «գողություն»։