Իրանում 4 մարդու մահապատժի են ենթարկել

Իրանը մահապատժի է ենթարկել չորս մարդու՝ Իսրայելի օգտին լրտեսելու և հանրապետության ազգային անվտանգությունը խաթարելու նպատակով ահաբեկչական խմբավորում ստեղծելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ այսօր առավոտյան իսրայելական հետախուզական «Մոսադ»-ի հետ կապ ունեցող խմբավորման չորս անդամների նկատմամբ մահապատժի դատավճիռ է կայացվել։ Հանցագործները ձերբակալվել են 2023 թվականին՝ Սպահան նահանգի Նաջաֆաբադ քաղաքի հրթիռների գործարանում պայթուցիկ սարք տեղադրելու գործողություն իրականացնելու մեղադրանքով։ Նրանք երկիր են մտել Իրաքյան Քրդստանով։

Իսլամական հեղափոխական դատարանը խմբավորման անդամներին մահապատժի է դատապարտել սեպտեմբերի 17-ին։