Տարօրինակ է՝ ոչ հայկական, ոչ ադրբեջանական ՀԿ-ները չեն բարձրացնում բնապահպանության վրա Ադրբեջանի նավթարդյունահանման հասցրած վնասի հարցը․ փորձագետ

Ադրբեջանը փորձում է վնաս հասցնել Հայաստանի տնտեսության ռազմավարական առումով կարևոր ճյուղերին։ Այս մասին հունվարի 29-ի քննարկման ժամանակ ասել է Լեռնագործների և մետալուրգների միության ղեկավար, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջանյանը։

Նա նշել է, որ Ադրբեջանը վերջին տարիներին ակտիվացրել է քայլերը կարևոր ոլորտների, մասնավորապես՝ լեռնարդյունահանման ոլորտի դեմ։

Նրա խոսքով՝ նրանք թիրախավորել են լեռնարդյունահանման ոլորտը, էներգետիկան և այլ կարևոր ուղղություններ, որոնք կարևոր, երկարաժամկետ նշանակություն ունեն զարգացման տեսակետից։

Ջանյանը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումն սկսվել է Լեռնային Ղարաբաղի Կաշենի լեռնահանքի պահանջով։ «Այդ հարցի լուծումից հետո նրանք անցան այն ընկերություններին, որոնք գտնվում են Հայաստանում, առաջին հերթին՝ լեռնարդյունահանող ընկերություններին, Հայկական ԱԷԿ-ին և այլն։ Ադրբեջանի ակտիվությունը, որն սկսվել է վերջին տարիներին, կապված է Հայաստանի տնտեսության աճի ավելի բարձր տեմպերի հետ՝ Ադրբեջանի ցուցանիշների համեմատ։ Անգամ բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ ցուցանիշով Հայաստանն արդեն գերազանցում է Ադրբեջանը։ Եվ նրանց այդ երկյուղները կապված են նաև այն բանի հետ, որ նկատվող գործընթացներն արդյունքում կարող են հանգեցնել ռազմական ոլորտի հավասարակշռության խախտման»,- ընդգծել է փորձագետը։

Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները, հասարակությունը, բիզնեսը պետք է ձգտեն նվազեցնել այդ ռիսկերը։

«Տարօրինակ է, որ  ոչ հայկական, ոչ ադրբեջանական ՀԿ-ները չեն բարձրացնում բնապահպանության վրա Ադրբեջանի կողմից նավթարդյունահանման հասցրած վնասի հարցը»,- ամփոփել է նա։