7-րդ դասարանի «Հայոց պատմություն» խեղաթյուրված դասագիրքը պետք է խոտանվի, իսկ նախարարը՝ հրաժարական տա. բողոքի ակցիա

Հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը խոտանելու նախաձեռնող մարմինն այսօր բողոքի ակցիա է կազմակերպել ԿԳՄՍ նախարարության մոտ։ Ակցիայի մասնակիցները ԿԳՄՍ նախարարից պահանջում են առաջիկա 72 ժամերի ընթացքում խեղաթյուրված դասագիրքը խոտանել։

Շարժման նախաձեռնող խմբի անդամ, թուրքագետ, քաղաքական վերլուծաբան Վազգեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այս պահանջով հանդիպել են նախարարի հետ, սակայն որևէ պատասխան չեն ստացել։

«Քանի որ որևէ պատասխան չենք ստացել՝ այստեղ ենք հավաքվել, որպեսզի նախարարին հանձնենք իր հրաժարականի դիմումի օրինակը, որի տակ ինքը պետք է ստորագրի ու հրաժարական տա։ Եթե հրաժարական չտա՝ մենք մեր քայլերը լավ գիտենք և գիտենք, թե ինչ ենք անելու։

Մենք հետևողական ենք լինելու իր նկատմամբ և հասնելու ենք այնտեղ, որ նա հրաժարական տա։ Միաժամանակ պայքարելու ենք, որ այդ դասագիրքը խոտանվի, որովհետև կեղծ գրքով սերունդ դաստիարակել չի լինում, սերունդներին կիսաճշմարտություն չի կարելի ասել, դրանով կործանելու ենք մեր ապագան»։

Նա ընդգծեց, որ նախարարությունը կիսատ-պռատ գործ է արել, ուշացումով ներդրել է մի դասագիրք, որը կործանման է տանում։ «Մենք այս կործանման դեմը պետք է առնենք։ Մենք կատակ չենք անում և գնալու ենք մինչև վերջ։ Եթե մենք՝ որպես ժողովուրդ համակերպվում ենք այն ամենին, ինչ մեր գլխին բերում են հիմա՝ ուրեմն չպետք է ոչ մեկի մեղադրենք, մեզ պիտի մեղադրենք»։

Լիբանանում հրատարակվող «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանն էլ հավելեց, որ «Հայոց պատմություն» դասագրքերի շնորհիվ են իրենք սփյուռքում հայ մնացել։

«Չի կարելի հիմա նման կատակներ անել այս ժողովրդի հետ։ Բայց ես նաև չեմ հասկանում այս ժողովրդին, մենք այսօր այստեղ չենք եկել խոշոր լոզունգներով, թե իշխանափոխություն անենք, մեր մտահոգությունը նոր սերնդի դաստիարակությունն է, ես չեմ հասկանում՝ այսօր ի՞նչի է սպասում ժողովուրդը, որ դուրս գա փողոցային պայքարի, հոդվածներ գրելով՝ այս հարցն էլ լուծում չի ստանա»։