Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա անօդաչու է հարձակվել. 3 զինվոր զոհվել է, կան վիրավորներ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազան՝ Սիրիայի սահմանի մոտ, ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակմանը, որի հետևանքով զոհվել է երեք զինվոր,  շատերը վիրավորվել են։ Ըստ ԱՄՆ նախագահի, միջադեպը տեղի է ունեցել անցած գիշեր։ Այս մասին տեղեկացնում է kommersant.ru-ն:

«Թեև մենք դեռ հավաքում ենք այս հարձակման մասին փաստերը, սակայն գիտենք, որ այն իրականացվել է Սիրիայում և Իրաքում գործող Իրանի աջակցած արմատական ​​գրոհայինների կողմից», – ասել է Բայդենը։

Միևնույն ժամանակ, Բայդենը խոստացել է կատարել զոհված ամերիկացի զինվորների «սրբազան պարտքը»։

«Մենք կձգտենք արժանի լինել նրանց պատվին ու քաջությանը։ Մենք կկատարենք ահաբեկչության դեմ պայքարի նրանց պարտավորությունները։ Եվ վստահ եղեք, մենք բոլոր մեղավորներին պատասխանատվության կենթարկենք այն ժամանակ և այն ձևով, որը կընտրենք ինքներս»,- ասել է ԱՄՆ նախագահը։