Իսրայելի պաշտոնյաներին պետք է պատասխանատվության ենթարկել հանցագործությունների համար. Աբդոլահիան

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանը ՄԱԿ Միջազգային դատարանում ունեցած հաջողության համար՝ հայտարարելով, որ իսրայելական ռեժիմի պաշտոնատար անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն։

«Ես կցանկանայի շնորհավորել Հարավային Աֆրիկայի ժողովրդին, Պաղեստինի ժողովրդին և Հարավային Աֆրիկայի արտաքին գործերի նախարար Նալեդի Պանդորին Միջազգային դատարանում սիոնիստական ռեժիմի դեմ տարած հաղթանակի համար»,- գրել է նա Х ցանցի իր միկրոբլոգում։

«Այսօր կեղծ իսրայելական ռեժիմի պաշտոնյաները ամենահայտնի մարդիկ են, որոնք պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն պաղեստինցիների ցեղասպանության և աննախադեպ ռազմական հանցագործությունների համար։

Ես պետք է մեկ անգամ ևս ընդգծեմ, որ Սպիտակ տան համատարած աջակցությունը սիոնիստների հանցագործություններին երբեք չի մոռացվի։ Ես իմ բոլոր գործընկերներին խնդրում եմ աջակցել Հարավային Աֆրիկայի գործողություններին Միջազգային դատարանում»,- ավելացրել է Աբդոլահիանը։

ՄԱԿ Միջազգային դատարանը Հաագայում երեկ հրապարակել է Իսրայելի դեմ ժամանակավոր միջոցների մասին որոշումը այն գործի շրջանակում, որը հարուցվել է Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցի հիման վրա՝ ՄԱԿ ցեղասպանության կոնվենցիայի խախտման մեղադրանքով՝ կապված գրոհների հետ Գազայի հատվածում։