Լեռնային Ղարաբաղի հայրենակիցները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական. ՆԳՆ

Կառավարության «Հումանիտար կենտրոնում» ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական տրամադրելու վերաբերյալ մի շարք հարցերի։ Հայտնում են ՆԳ նախարարությունից:

  1. ՀՀ կառավարության 26.10.2023 թ. թիվ 1864-Ն որոշման 1-ին հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ 2024 թ. հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը և «070» ծածկագրով անձնագիրը Հայաստանի Հանրապետությունից դուրս գալիս և ՀՀ մուտք գործելիս վավեր են միասին գործածելու պարագայում, որը նպատակ է հետապնդում ճամփորդելիս հավելյալ պաշտպանության միջոց տրամադրել ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց:
  2. Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը տրվում կամ փոխանակվում է Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալու դեպքում Հայաստանի Հանրապետությունում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության և տարածքային անձնագրային ստորաբաժանումների, իսկ օտարերկրյա պետություններում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից: Նշված դեպքում միաժամանակ ընդունվում են հաշվառման և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական տրամադրելու վերաբերյալ դիմումներ:
  3. ՀՀ կառավարության 26.10.2023 թ. թիվ 1864-Ն որոշմամբ՝ ժամանակավոր պաշտպանությունը տրվել է 1 տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ, ընդ որում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված թե՛ չափահաս, թե՛ անչափահաս անձանց:
  4. 2024 թ. հունվարի 25-ի դրությամբ՝ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստանալու վերաբերյալ ստացվել են 42 809 դիմումներ, ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը մոտեցել է 50 000-ին, իսկ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացրած ԼՂ բնակիչների թիվը կազմում է շուրջ 900:
  5. ՀՀ կառավարության կողմից իրականացված սոցիալական աջակցության ծրագրերի շահառուները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք են, այսինքն՝ վերոնշյալ ծրագերից օգտվելու համար հիմք է հանդիսանում ԼՂ-ից տեղահանված լինելու հանգամանքը՝ անկախ վերջիններիս իրավական կարգավիճակից: