Մեկնարկել են Սառը պատերազմից ի վեր ՆԱՏՕ-ի ամենածավալուն զորավարժությունները

ՆԱՏՕ-ն սկսել է Սառը պատերազմից ի վեր իր ամենամասշտաբային զորավարժությունները՝ տասնյակ հազարավոր զինվորականներով։ Նպատակը` Ռուսաստանից եկող սպառնալիքի ֆոնին ուժի ցուցադրությունն է։ ՆԱՏՕ-ն ցուցադրում է իր պատրաստակամությունը հակազդել Մոսկվային, գրում է Ամերիկայի Ձայնը։

Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից գրեթե երկու տարի անց` Եվրոպայում ծավալվող պատերազմը վերածվել է հյուծող ռազմական գործողությունների, և ՆԱՏՕ-ում որոշել են ի ցույց դնել դաշինքի հզորությունը` Կրեմլից եկող սպառնալիքների ֆոնին։

Այս շաբաթ մեկնարկեց հյուսիսատլանտյան դաշինքի «Steadfast Defender 24» զորավարժությունները` ամենածավալունը Սառը պատերազմի ավարտից ի վեր։

Առաջիկա ամիսներին ՆԱՏՕ-ի մոտ 90 հազար զինվորականներ կմասնակցեն մի շարք զորավարժությունների ողջ Եվրոպայում, ինչպես, օրինակ, 2023 թվականին Ռումինիայում: Ներգրավված են հիսուն ռազմանավեր, ութսուն ինքնաթիռնեեր և հազարից ավելի մարտական մեքենաներ: