Եմենի հութիների հարձակումների հետևանքով Սուեզի ջրանցքով առևտրաշրջանառության ծավալները կրճատվել են 42%-ով

Եմենի հութիների հարձակումները Կարմիր ծովով անցնող նավերի վրա հսկայական ազդեցություն է ունեցել Սուեզի ջրանցքով իրականացվող բեռնափոխադրումների ծավալի վրա՝ վերջին երկու ամսում դրանք նվազել են 42%-ով, հայտարարել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) փորձագետ Յան Հոֆմանը:

Սուեզի ջրանցքով ամեն շաբաթ անցնող բեռնանավերի թիվը, ըստ ՄԱԿ-ի փորձագետների, նախորդ տարվա համեմատ նվազել է 67%-ով, իսկ նավթի տարանցումը՝ 18%-ով։

Կարմիր ծովը և Սուեզի ջրանցքը համաշխարհային առևտրաշրջանառության կենտրոնական ուղիներն են: Այստեղով տարեկան անցնում է մոտ 20 հազար նավ։ Եմենի ապստամբների հարձակումների պատճառով բազմաթիվ խոշոր նավագնացային ընկերություններ որոշել են խուսափել այս երթուղուց: Այս պարագայում Ասիայ-Եվրոպա երթուղով բեռնափոխադրումներ կատարվող անվերը ստիպված են շրջանցել Աֆրիկյան մայրցամաքի ծայր հարավով, ինչը շատ ավելի է մեծացնում բեռնափոխադրումների իրականացման ժամկետներն ու դրանց ավելի ծախսատար դարձնում։