ՀՀ-ն պատրաստ է անհետ կորածների ճակատագիրը պարզելու ուղղությամբ համագործակցել Ադրբեջանի հետ․ ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ-ն տարածել է Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի  հայտարարությունը, որտեղ նշված է.

«Ի պատասխան Ադրբեջանի Հանրապետության տարբեր պետական մարմինների կողմից պարբերաբար շրջանառության մեջ դրվող թեզի, թե Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների մասին, հարկ ենք համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը 2020թ. նոյեմբերից ի վեր Ադրբեջանի Հանրապետությանն է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմինների, ինչպես նաև 90-ականներին զոհված շուրջ 50 անձանց մարմինների գտնվելու հնարավոր վայրերի մասին տեղագրական նյութեր, որոնք ստացվել են ԼՂ ներկայացուցիչներից:

Բացի այս, Ադրբեջանի Հանրապետությանն են փոխանցվել 90-ականների զոհված 140 ադրբեջանցիների ոսկրեր, որոնք ստացվել են ԼՂ ներկայացուցիչներից:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ 993 Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ և ԼՂ հայեր համարվում են անհետ կորած 90-ականների սկզբից, 2020 թվականի 44-օրյա պատերազմում և դրանից հետո Հայաստանի Հանրապետությունը լրջորեն հետաքրքրված է նրանց ճակատագրերի պարզաբանմամբ:

Հայաստանի Հանրապետությունը բազմիցս, այդ թվում բարձր և բարձրագույն մակարդակով հայտարարել է, որ պատրաստ է անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ համագործակցել Ադրբեջանի Հանրապետության հետ:

Գերիների, պատանդների և անհետ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովն ի կատարումն 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի համատեղ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածության՝ վստահության կառուցման ավելի շատ միջոցառումների իրականացման վերաբերյալ, Ադրբեջանի համապատասխան կառույցին առաջարկում է ակտիվացնել համագործակցությունը»,- հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից: