Բախվում ենք խնդիրների, երբ գործ ունենք խոսքի ազատությանը վերաբերող նախաձեռնությունների հետ. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել վեհաժողովի նիստում:

«Վերջին տարիներին մենք ավելի եւ ավելի հաճախ ենք քննարկում զեկույցներ, որոնք վերաբերում են ժողովրդավարական հետընթացներին ժողովրդավարական անդամ պետություններում, խոսքի ազատության սահմանափակումներին, լրագրողների պարբերական ձերբակալություններին եւ ազատազրկումներին, եւ այս զեկույցները նույնպես ներկայացնում են ժողովրդավարական հետընթացի դրսեւորումներ:

Զեկույցները մանրամասն քննարկվել են հանձնաժողովի նիստերում թե’ Փարիզում, թե’ Ստրասբուրգում: Շնորհավորում եմ զեկուցողներին հիանալի զեկույցների համար:

Թե’ հանձնաժողովի նիստերին, թե’ այսօր, ես շարունակաբար մտածում եմ` ինչպե՞ս մենք` որպես մարդու իրավունքները հիմքում ունեցող առաջատար կառույց, կարող ենք պաշտպանել ժողովրդավարությունը:

Ժողովրդավարությունն է ազատ խոսքի, ազատ կամարտահայտման, լրագրողների` իրենց մասնագիտական աշխատանքը կատարելու միակ պաշտպանը եւ երաշխիքը: Մենք, պարբերաբար, որպես օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ, բախվում ենք մի շարք խնդիրների, երբ գործ ունենք խոսքի ազատությանը վերաբերող նախաձեռնությունների հետ, որոնք շատ հաճախ դրական շարժառիթներով կարող են բացասական հետեւանքներ առաջացնել:

Նման քննարկումներ ունեցանք այս շաբաթ մեր հանձնաժողովում, երբ քննարկում էինք խոսքի ազատության եւ պրոպագանդայի միջեւ անցնող շատ նուրբ սահմանը ու քննարկում էինք, որ կամաարտահայտմամբ բոլոր ձեւերը կարող են տարբեր պետություններում տարբեր դրսեւորումներ ունենալ:

Ես հարց եմ ուղղում ինքս ինձ` արդյո՞ք սա նշանակում է, որ ավանդական ուսուցումը չի բավարարում հաղթահարելու այսօրվա մարտահրավերները, արդյո՞ք դպրոցի շրջանավարտն ունի բավարար մեդիագրագիտություն` տարբերելու իրականը կեղծիքից, որտե՞ղ ենք մենք ձախողում թե’ որպես կառույց, թե’ ազգային մակարդակով»,- ասել է Սոնա Ղազարյանը: