Չնախատեսված տեղում աղբ թափող էջմիածինցիները կենթարկվեն վարչական պատասխանատվության

Էջմիածնում գլխավոր խնդիրներից մեկը տևական ժամանակ եղել է աղբահանությունը, որը լուծելը պահանջել է երկարատև ջանքեր, բազմաթիվ ուղիների որոնման անհրաժեշտություն։ Այս մասին նշում են Էջմիածնի քաղաքապետարանից։

«Իսկ ի՞նչ պատկերի ենք ականատես լինում այսօր` դեռ աշխատանքները չավարտած. նոր աղբամաններ` ամբողջությամբ դատարկ, կողքին` պոլիէթիլենային տոպրակով աղբ, արդեն ապամոնտաժված հին աղբամանների տեղում` մեծ աղբակույտեր։

Եթե դեռ ամիսներ առաջ կարելի էր կուտակվող աղբի ողջ պատճառը փնտրել հնամաշ տեխնիկանայի և ոչ բավարար թվով աղբամանների մեջ, ապա այսօր այդ խնդիրը չկա. այժմ աղբամանների թիվը նույնիսկ ավելին է, քան անհրաժեշտ է, դրանք տեղադրվում են հնարավորինս իրար մոտ, իսկ դրանց սպասարկումն իրականացվում է ըստ անհրաժեշտության ևւ այնպես, որ աղբամանը լցված չլինի:

Նոր աղբամանների տեղադրման աշխատանքները դեռևս շարունակվում են, արդեն օրեր անց կահավորված կլինի ամբողջ համայնքը»,- նշված է քաղաքապետարանի կայքում։

Միաժամանակ ընդգծված է, որ  աղբը չնախատեսված տեղում թափելու արատավոր երևույթը վերացնելու նպատակով համայնքապետարանը ստիպված է տեսանկարահանող սարքեր տեղադրել աղբամանների հարակից հատվածներում, ինչպես նաև նախկինում աղբամաններով կահավորված տարածքներում, որպեսզի վարչական տուգանքների ճանապարհով հասնեն այն կետին, երբ աղբը կնետվի համապատասխան վայրում և չեն աղտոտվի հանրային տարածքները։