Վճռական ենք հասնելու մեր նպատակներին․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին

Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար, Մոսկվան նախընտրում է դիվանագիտական միջոցներով հասնել իր նպատակներին: Այդ մասին Bloomberg գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար», – նշել է Պեսկովը՝ հավելելով, որ պատրաստ են շարունակել բանակցությունները․ «Մենք վճռական ենք մեր նպատակներին հասնելու հարցում, կնախընտրեինք դիվանագիտական ճանապարհը։ Իսկ եթե ոչ, ապա ռազմական գործողությունը կշարունակվի մինչև մեր նպատակները կիրագործվեն»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Էյդրիեն Ուոթսոնը իր հերթին նշել է, որ ԱՄՆ-ն տեղեկություն չունի Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշման փոփոխության մասին. «Ուկրաինան է որոշում՝ երբ և ինչպես բանակցել Ռուսաստանի հետ»,- ասել է նա։