Իրանը և Թուրքիան իրավիճակի թեժացումը Կարմիր ծովում անվանել են Իսրայելի գործողությունների հետևանք

Իրանի և Թուրքիայի նախագահներ Էբրահիմ Ռայիսին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում են, որ մերձավորարևելյան տարածաշրջանում և Կարմիր ծովում իրավիճակի թեժացումը Իսրայելի իշխանությունների գործողությունների հետևանքն է։ Այս մասին նշվել է Ռայիսիի Անկարա կատարած այցի հիման վրա արված համատեղ հայտարարությունում։

«Երկու երկրների նախագահները, ընդգծելով նավագնացության անվտանգության ապահովման կարևորությունը տարածաշրջանային և միջազգային ջրերում, այդ թվում Կարմիր ծովում, նշել են, որ Կարմիր ծովում ներկայում տիրող իրավիճակը իսրայելական ռեժիմի ագրեսիայի հետևանքն է, և հայտարարել են, որ տարածաշրջանում իրադրության կարգավորման համար անհրաժեշտ են վճռական միջոցներ Իսրայելի հանցագործություններին դիմակայելու համար»,- նշվել է հայտարարությունում, որը հրապարակվել է Իրանի կառավարության կայքում։

Երկու կողմերը Եմենի իրավիճակի քննարկման ժամանակ ընդգծել են նաև «քաղաքական որոշման որոնման, այդ երկրում կայուն խաղաղության և կայունության հաստատման, անհապաղ հումանիտար օգնություն ուղարկելու անհրաժեշտությունը»։

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման մարտիկները հայտարարել են, որ հարվածներ են հասցնելու Իսրայելի տարածքին և թույլ չեն տալու նրա հետ կապված նավերին անցնել Կարմիր ծովով և Բաբ-էլ-Մանդեբի նեղուցով, մինչև որ գործողությունն անկլավում դադարեցվի։ Անցած տարվա նոյեմբերի կեսին նրանք գրոհեցին ավելի քան 30 քաղաքացիական նավերի վրա Կարմիր ծովում և Ադենի ծոցում։