Իրանը Թուրքիային մեղադրել է անձրևային ամպերը գողանալու մեջ

Հավաստիացումներն այն մասին, թե Թուրքիան, իբր, գողանում է Իրանի անձրևային ամպերը, անապացուցելի տեսություն են, այս կամ այն երկրում երաշտի պատճառը գլոբալ ջերմացումն է։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է օդերևութաբան, Ստամբուլի «Այդըն» համալսարանի պրոֆեսոր Գյուվեն Օզդեմիրը։

Forbes ամսագիրը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Իրանի իշխանությունները ստեղծել են երկրի հյուսիսում անձրևային ամպերի անհետացման հետ կապված իրավիճակի հետաքննության հանձնաժողով, իսկ հանրահայտ տեսությունը վկայում է այն մասին, թե Թուրքիան, իբր, «գողանում» է ամպերը։ Որպես ապացույց ներկայացվում են Թուրքիայի արևելքի լուսանկարները, որտեղ լեռները ծածկված են ձյունով և մշտապես անձրևներ են գալիս, իսկ հարևան Իրանում՝ ոչ մի կաթիլ։ Պարբերականը նշել է, որ նման մեղադրանքներ հնչում են ոչ առաջին անգամ. օրինակ՝ 2018թ. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) ներկայացուցիչը պնդում էր, որ Իսրայելը և ԱՄԷ-ն փորձում են ազդել Իրանի կլիմայի վրա։

«Անձրևային ամպերը» գողանալու գաղափարը կամ անգամ նման բանի մասին մտածելու փորձը հիմքեր և ապացույցներ չունեցող տեսություն է, որը միտումնավոր կերպով մոլորության մեջ է գցում»,- մեկնաբանել է Օզդեմիրը հոդվածը։

Նա հիշեցրել է, որ, օրինակ, 2023թ. Թուրքիան մի քանի ամիս շոգի և երաշտի տիրապետության տակ էր, այդ նույն Ստամբուլում տեղումներ չկային, ջրի պաշարները ջրամբարներում նվազել էին՝ հասնելով կրիտիկական նիշի։ «Միևնույն ժամանակ, մեզանից արևմուտք՝ Հունաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում և հարևան այլ երկրներում հորդ անձրևներ էին, բայց դրանք մեզ չէին հասնում։ Հաշվի առնելով Թուրքիայի դիրքը՝ երկարատև և կարճատև ծրագրերում հնարավոր են օդերևութաբանական ծայրահեղ ցուցանիշներ»,- նշել է գիտնականը։