Բոտուլիզմի փոխանցման նոր մեթոդ․ հայտնի հիվանդության անհայտ փաստեր

ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» վերլուծական կենտրոնը ներկայացրել է բոտուլիզմ հիվանդության անհայտ փաստեր։

Բոտուլիզմը ծանր սննդային տոքսիկոզ է, որն առաջանում է Clostridium botulinum-ի արտազատած տոքսին պարունակող սննդամթերքն օգտագործելիս: Հիվանդությունն ընթանում է կենտրոնական, ինչպես նաև վեգետատիվ նյարդային համակարգերի ախտահարումով:

Սննդային բոտուլիզմը լուրջ, պոտենցիալ մահացու հիվանդություն է, որը համեմատաբար հազվադեպ է հանդիպում: Այն թունավորում է, որը սովորաբար զարգանում է բոտուլինային տոքսինների ընդունումից, որոնք առկա են սննդամթերքում, տնային պայմաններում պատրաստված պահածոներում: Ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս ազդեցությունից հետո 12-ից 36 ժամվա ընթացքում: Հիվանդությունը կարող է մահացու լինել դեպքերի 5-10%-ում:

Սննդային բոտուլիզմի կանխարգելիչ գործողություններից ամենակարևորը տնային պահածոներն օգտագործելուց առաջ 15-20 րոպե պարտադիր պահածոյի պարունակությունը ջերմային մշակման ենթարկելն է, և հնարավորինս տնային պայմաններում պատրաստված պահածոներից խուսափելը:

Վերքային բոտուլիզմն առաջանում է, այն դեպքում, երբ սովորական վերքը ախտահարվում է Clostridium botulinum-ով: Նման դեպքեր գրանցվել են նաև ներերակային թմրամիջոցներ օգտագործողների շրջանում, հերոինի ենթամաշկային և միջմկանային ներարկումների ժամանակ:

Մանկական բոտուլիզմը հիմնականում հանդիպում է 6 ամսականից ցածր նորածինների մոտ: Այն ի հայտ է գալիս, երբ երեխան կլանում է Cl. botulinum-ի սպորները, վերջիններս գաղութայնացվում են աղիքներում, վերածվում վեգետատիվ ձևի և արտադրում են թույն: Այնուհետև թույնը համակարգորեն կլանվում է: Հաճախ մանկական բոտուլիզմը պայմանավորվում է մեղրի օգտագործմամբ:

Վերջին շրջանում արձանագրվում է բոտուլիզմի փոխանցման նոր մեթոդ: Մաքուր տոքսինի կողմնակի ազդեցությունները առաջացել են պացիենտների մոտ դրա բժշկական կամ կոսմետիկ օգտագործման արդյունքում:

Ըստ տվյալների 1989-2003թթ.-ին բոտոքսի ներարկումները 28 մահվան պատճառ են դարձել: Տասնհինգ տարվա ընթացքում միլիոնավոր ներարկումների քանակության դեպքում 28 մահվան դեպքը բավականին աննշան ցուցանիշ է (0.01%-ից պակաս): Ավելին, շատ դեպքերում այն ներարկվել է բժշկական նպատակներով։ Կոսմետիկ նպատակներով բոտուլինոտոքսինն օգտագործվում է շատ ավելի փոքր չափաբաժիններով, որոնք հարյուր անգամ պակաս են մահացու չափաբաժնից:

Բժշկական նպատակներով այն օգտագործվում է տարբեր նյարդաբանական հիվանդությունների դեպքում, օրինակ` քրոնիկ միգրենի, մկանային սպազմի և գերակտիվ միզապարկի: Օգտագործվում է նաև Ֆրեյի համախտանիշի բուժման համար, երբ բուժման հիմնական մեթոդը բոտուլինային տոքսինի ներմաշկային ներարկումներն են։