Ուղեղը ամենաբարդ օրգանն է՝ հարգեք նրան

Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում գիտնականներն ու բժիշկները ինտենսիվորեն ուսումնասիրում են ուղեղմարմին կապը: Գիտական մեծաթիվ ապացույցները ամրապնդում են այն գաղափարը, որ միտքը ուժեղ ազդեցություն ունի արտաքին տեսքի, տրամադրության, սթրեսի մակարդակի և ընդհանուր առողջության վրա:

7 հիմնական սկզբունք, որոնք թույլ են տալիս փոխել ուղեղն ու մարմինը

  1. Ձեր ուղեղը ներգրավված է այն ամենի մեջ, ինչ դուք անում եք:
  2. Երբ ուղեղը ճիշտ է աշխատում, մարմինը ավելի լավ տեսք ունի, և ինքնազգացողությունը բարելավվում է: Երբ ուղեղի աշխատանքը խանգարվում է, դուք խնդիրներ ունեք արտաքին տեսքի և ինքնազգացողության հետ:
  3. Ուղեղը ամենաբարդ օրգանն է։ Հարգեք այն։
  4. Ուղեղը շատ փափուկ է և պատահական չէ, որ տեղադրված է կոշտ գանգի մեջ: Հոգ տարեք նրա մասին:
  5. Որքան մեծ է ուղեղի պաշարը, այնքան առողջ եք: Որքան քիչ է պաշարը, այնքան խոցելի եք:
  6. Ուղեղի տարբեր հատվածներ պատասխանատու են վարքի տարբեր դրսևորումների համար: Հասկանալով ձեր ուղեղը, դուք կկարողանաք օպտիմալացնել այն:
  7. Շատ բաներ վնասում են ուղեղը և բարդացնում ձեր մարմինը կատարելագործելու խնդիրը: Բայց կան բազմաթիվ գործոններ, որոնք օգնում են ուղեղին: Սովորեք տարբերակել դրանք: 

 Ինչն է վնասում ուղեղը 

Ֆիզիկական վնասվածքներ. Լուրջ վնասվածքները, ցնցումները և նույնիսկ աննշան վնասվածքները զգալիորեն ազդում են ձեր բարեկեցության վրա:

Թմրանյութեր. Թմրամիջոցներն ու նյութերը, որոնք օգտագործում են տոքսիկոմաները, զգալիորեն նվազեցնում են ուղեղի աշխատանքը: Ուղեղի վրա ազդում են ոչ միայն անօրինական թմրանյութերը, այլև շատ դեղատոմսեր պարունակող դեղեր (օրինակ՝ քնաբերներ, հանգստացնող միջոցներ, սրտի որոշ դեղամիջոցներ և այլն):

Ալկոհոլ. Ուղեղը վնասելու համար պարտադիր չէ հարբեցող լինել։ Նույնիսկ չափավոր քանակությամբ ալկոհոլը խաթարում է ուղեղի աշխատանքը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն մարդկանց ուղեղը, ովքեր ամեն օր ալկոհոլ են օգտագործում, ավելի փոքր է, քան չխմողներինը: Ալկոհոլը նվազեցնում է ճակատային բլթակների կեղևի ակտիվությունը, որոնք պատասխանատու են խոհեմության, կանխատեսման և պլանավորման համար: Հետևաբար, խմելուց հետո մարդիկ անխոհեմ որոշումներ են կայացնում՝ ինչպես օրինակ մեքենա վարելը կամ գիշերը ժամը երեքին արագ սննդի կետում սնվելը:

Ճարպակալում. Ճարպը թունավոր նյութեր է կուտակում։ Որքան շատ ճարպային հյուսվածք կա մարմնում, այնքան վատ է ուղեղի համար։ Գիրությունը կրկնապատկում է Ալցհայմերի հիվանդության ռիսկը և կապված է ուղեղի նյութի նվազման հետ:

Վատ սնուցում. Մի քանի ամիսը մեկ մարմնի բջիջները թարմացվում են: Նոր բջիջների որակը կախված է ձեր օգտագործած սննդից, այնպես որ դուք իրականում այն եք, ինչ ուտում եք: Անառողջ սննդակարգը հանգեցնում է ուղեղի և մարմնի աշխատանքի խանգարումների։ Վիտամին D-ի, հանքանյութերի, Օմեգա -3 ճարպաթթուների պակասը վնասում է ուղեղի հյուսվածքներին և մարմնին:

Ծխելը. Ծխելը խաթարում է արյան հոսքը դեպի ուղեղ և մարմնի բոլոր օրգաններ, ներառյալ մաշկ: Ծխողին հեշտ է ճանաչել մաշկի վիճակով. այն ավելի ծեր է թվում, քան նրա կենսաբանական տարիքը: Ծխելը հանգեցնում է ուղեղի և մարմնի շատ լուրջ խնդիրների։

Բացասական մտքեր. Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ձեզ համար տհաճ բաների վրա կենտրոնանալը նվազեցնում է ուղեղի ակտիվությունը, արագացնում սրտի բաբախյունը, բարձրացնում արյան ճնշումը և բացասաբար է ազդում մարմնի շատ համակարգերի վրա: Բացասական մտածողությունը սաբոտաժի է ենթարկում քաշը կորցնելու, վարժություններ սկսելու կամ ծխելը թողնելու ձեր փորձերը:

Ջրազրկում. Ձեր մարմինի 70% ջուր է, իսկ ուղեղի՝ 80% -ը: Հետևաբար, եթե դուք բավականաչափ չեք խմում, ապա խաթարում եք ուղեղի գործառույթը և մաշկի որակը (ավելի շատ կնճիռներ են հայտնվում):

Բռնության ցուցադրությամբ տեսախաղեր. Դաժան տեսախաղերը մեծացնում են ագրեսիվությունը և խանգարում սովորելու կարողությունը: Ուղեղի ուսումնասիրության ժամանակ հետազոտողները տեսել են, որ խաղերի այս տեսակը ազդում է ուղեղի նույն հատվածի վրա, ինչ կոկաինը, այդ իսկ պատճառով երեխաները և մեծահասակները կախվածություն ունեն տեսախաղերից: Օրական երկու ժամից ավելի տեսախաղերը ավելացնում են գիրության վտանգը:

Կոֆեինի ավելցուկ: Սուրճի, թեյի, կոֆեին պարունակող էներգետիկ ըմպելիքների չափազանց շատ չափաբաժինները խաթարում են ուղեղի արյան մատակարարումը, ջրազրկում են ուղեղը, մարմինը և մաշկը և խաբում ուղեղին՝ ներշնչելով նրան, թե լավ է՝ արթուն մնալ: Դա վնասակար է մարմնի և ուղեղի համար:

Քնի խանգարումներ. Գիշերը 6 ժամից պակաս քնելը նվազեցնում է ուղեղի աշխատանքը և ստիպում է ուղեղին ազատել հորմոններ, որոնք մեծացնում են ախորժակը և քաղցրավենիք ուտելու ցանկությունը: Մարդիկ, ովքեր բավականաչափ չեն քնում, հաճախ ավելի շատ կալորիա են օգտագործում, քան նրանց  անհրաժեշտ է: Բացի այդ, քնի պակասը վաղաժամ ծերացնում է մաշկը և մուգ շրջանակներ թողնում աչքերի տակ: 

Թարգմանեց և պատրաստեց LIVEnews.am