Ես այնպիսին չեմ, որոնք նախընտրում են վտանգի դեպքում գլուխները թաքցնել. այսօր Հրանտ Դինքի սպանության օրն է

52-ամյա Հրանտ Դինքը, որը Ստամբուլում տպագրվող «Ակօս» պարբերականի գլխավոր խմբագիրն էր, սպանվել էր 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի կենտրոնում՝ «Ակոս»-ի խմբագրության դիմաց։ Ինչպես պնդում էր թուրքական կողմը, մարդասպանը` 17-ամյա Օգյուն Սամասթը, հարել էր թուրքական աջ ծայրահեղական ուժերին։ Հաջորդ օրը նա ձերբակալվել էր։

Դատավարության շրջանակներում բազմաթիվ ձերբակալություններ են տեղի ունեցել, ձերբակալվել են նաև մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, անվտանգության աշխատակիցներ:

Ավելի ուշ Օգյուն Սամասթը ընդունել էր մեղքը և 2011 թվականին դատապարտվել 23 տարվա ազատազրկման։

Դինքը ծնվել է 1954 թվականին Մալաթիայում, 1961 թ. ընտանիքի հետ տեղափոխվել էր Ստամբուլ: Մեծացել է Գեդիքփաշայի հայկական որբանոցում, որի ճամբարի՝ «Քամփ Արմենի» ղեկավարումը տարիներ անց ստանձնելու էր կնոջ՝ Ռաքել Դինքի հետ միասին:

Դինքը, ինչպես և բոլոր նրանք, ովքեր Թուրքիայում բարձրաձայնում էին Հայոց ցեղասպանության մասին, քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով դատապարտվել է կես տարվա ազատազրկման:

Դինքը հետապնդումների է ենթարկվել հատկապես իսլամացված և ծպտյալ հայերի մասին հրապարակումների պատճառով: Աղմկահարույց էր Աթաթուրքի հոգեզավակ, Թուրքիայի առաջին կին օդաչու Սաբիհա Գյոքչեի հայկական ծագման մասին բացահայտումը:

Դինքի սպանությունը բողոքի մեծ ալիք առաջացրեց Թուրքիայում և արտերկրում։ «Ես հայ եմ, ես Հրանտ Դինք եմ» կարգախոսով հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ ի պաշտպանություն Դինքի։ Սպանությունը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ նաև Թուրքիայի վարչապետը։ 2005 թ. Դինքն արժանացել է Թուրքիայի՝ Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության՝ Խոսքի և խղճի ազատության ամենամյա, 2006-ին՝ Գերմանիայի «Շտեռն» ամսաթերթի հիմնադիր Հենրի Նաննենի՝ Մամուլի ազատության և լրագրողական խիզախության, Նորվեգիայի՝ Մարդու իրավունքների պաշտպանության Բյոռնսի անվան:

2007 թ. ստեղծվել է Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամ, որի ջանքերով լույս է ընծայվել նրա «Երկու հարևան ժողովուրդներ» գիրքը։ Հիմնադրամը ամեն տարի սեպտեմբերի 15-ին՝ Դինքի ծննդյան օրը, կազմակերպում է միջազգային մրցանակաբաշխություն:

Դինքի անունով Ֆրանսիայի Մարսել քաղաքում կոչվել է փողոց, իսկ Փարիզում՝ դպրոց։ 2018-ին Ստամբուլի քաղաքապետարանը Շիշլիի շրջանի Մեշրութիյեթ թաղամասի Սամանյոլու փողոցը վերանվանվել է Հրանտ Դինքի անունով։

Ստամբուլի «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր և խմբագիր Դինքը սպանությունից երկու օր առաջ հարցազրույց էր տվել ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը:

Հարց– «Ակօս» թերթում Դուք հանդես եք գալիս ի պաշտպանություն ոչ միայն հայերի, այլև բոլոր փոքրամասնությունների: Չե՞ք վախենում:

Դինք– Իհարկե, վախենում եմ: Եթե ուզում եք իմանալ՝ այդ վախը ինձ հետապնդում է ամեն օր: Դուք երբևէ հետևե՞լ եք աղավնուն: Նա ամբողջ ժամանակ գլուխն է պտտում, ցնցվում է յուրաքանչյուր շրշյունից և պատրաստ է նվազագույն առիթի դեպքում թռչել հեռու: Դա չի կարելի կյանք անվանել, միայն թե ես, ի տարբերություն աղավնու, ոչ մի տեղ չեմ կարող թռչել:

Հարց– Դուք երկու անգամ դատարանի առջև կանգնեցիք թուրք ազգը վիրավորելու համար: Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկին ևս մեղադրում էին, սակայն, ի տարբերություն Ձեզ, նրան չդատեցին: Ինչպե՞ս եղավ:

Դինք– Ինձ դատապարտեցին 6 ամսվա պայմանական ազատազրկման: Ոչ ոք չի կարող գուշակել, թե ինչու տխրահռչակ 301-րդ հոդվածի պատճառով ինչ-որ մեկին դատում են, իսկ ինչ-որ մեկին՝ ոչ: Այդ հոդվածի ձևակերպումը, որի վերացումը արդարացիորեն պահանջում է ԵՄ-ը, ցանկացած դատավորի ձեռքերին ազատություն է տալիս: Ուղղակի իմ բախտը չբերեց դատավորի հարցում: Նա ինձ մեղադրեց, թե իբր պնդել եմ, որ թուրքերի արյունը կեղտոտ է: Ինչը, անշուշտ, լիակատար զառանցանք է:

Հարց– Դուք հրատարակում եք «Ակօս» թերթը: Դրա տպաքանակը մեծ չէ: Ինչո՞ւ է Թուրքիայում որոշ մարդկանց այն այդչափ վտանգավոր թվում:

Դինք– Ճիշտ է: Թերթի տպաքանակը շուրջ 6 հազար է: Որոշակի ուժերի անհանգստացնում է, որ այն կարդում են շատ ավելի մեծ թվով մարդիկ և ոչ միայն Թուրքիայում:

Հարց– «Ակօս»-ը համարվում է հայկական փոքրամասնության թերթը: Ինչո՞ւ է լույս տեսնում թե՛ հայերեն և թե՛ թուրքերեն:

Դինք– Հենց այդ պատճառով էլ այն այդչափ վտանգավոր է մեր հասարակության որոշակի ազգայնական շրջանակների համար: Մեր թերթը ճշմարտությունն է պատմում հայերի ցեղասպանության մասին: Բայց, միաժամանակ, այդ իրադարձությունը վերաբերում է պատմությանը, որից մենք պետք է դասեր քաղենք:

Հարց– Իրո՞ք այդքան վատ է Թուրքիայում հայ լինելը:

Դինք– Եթե ինչ-որ մեկը բերանը փակ է պահում, ապա դժվար թե խնդիրներ ունենա: Բայց ինձ համար նույնիսկ պատանեկությանս շրջանում դժվար էր դպրոցում երգչախմբի հետ երգել այն մասին, թե որքան հպարտ եմ, որ թուրք եմ: Իհարկե, մեր երկրում կան հպարտանալու բաներ, բայց ես թուրք չեմ:

Հարց– Ե՞րբ Դուք ձեր հանդեպ իսկական խտրականություն զգացիք:

Դինք– Բանակում ծառայությունս ավարտելով՝ ես կարող էի շարունակել զինվորական կարիերաս և սպա դառնալ: Այն ժամանակ ես արդեն ամուսնացած էի, երկու երեխա ունեի և սպասում էինք երրորդին: Որպեսզի կոչում ստանամ, ես, ինչպես և բանակի իմ շատ թուրք ծառայակիցներ, քննություններ տվեցի: Դրանից հետո սպայի կոչման բոլոր հավակնորդներին պետք է հերթով կանչեին և հատուկ մեդալներ շնորհեին: Չկարդացին միայն իմ անունը: Եվ այդժամ ես հասկացա. աշխարհիկ պետություն դարձած Թուրքիայում անհնար է դառնալ սպա, եթե դու մահմեդական չես: Այդժամ ես իրականում առաջին անգամ հասկացա, թե ինչ է նշանակում Թուրքիայում հայ լինելը:

Հարց– Ձեր թերթի վերջին համարում նյութերից մեկում դուք հարց եք տվել. «Ի՞նչն է ինձ թիրախ դարձնում»:

Դինք– Այդ հարցի պատասխանը ավելի շատ հայերին էր վերաբերում, քան թուրքերին: Ես մտածում եմ, որ այնպիսին չեմ, ինչպես շատ հայեր, որոնք նախընտրում են վտանգի դեպքում գլուխները թաքցնել: Բայց ո՞ւր կարող է հասցնել ամբողջ ժամանակ թաքնվելը: Հենց դա է ինձ թիրախ դարձնում, և, ցավոք, ոչ միայն ինձ: Իմ ընտանիքին ևս այդ ամենը առնչվում է: Կնոջ և երեխաների համար հեշտ չէ իմանալ, որ իրենց հայրը անընդհատ հաշվեհարդարի սպառնալիքներ է ստանում՝ թե՛ հեռախոսով և թե՛ էլեկտրոնային փոստով: Տեսնո՞ւմ եք, երբ ես սկզբում ինձ համեմատում էի աղավնու հետ, դա այն պատճառով էր, որ աղավնին, որքան էլ վախենում է, այնուհանդերձ, ուզում է ազատության մեջ լինել: Եվ դա հենց այն է, ինչի համար ես պայքարում եմ, որպեսզի բոլորս ազատության մեջ լինենք:

Հարց– Բայց դուք կարող էիք հեռանալ այս երկրից:

Դինք– Ես ուզում եմ պայքարս շարունակել այստեղ: Չէ՞ որ դա միայն իմ պայքարը չէ: Դա բոլոր նրանց պայքարն է, ովքեր ձգտում են Թուրքիայի ժողովրդավարացմանը: Եթե ես հանձնվեմ և հեռանամ երկրից, դա խայտառակություն կլինի բոլորի համար: Այս երկրում ապրել են իմ նախնիները, այստեղ են իմ արմատները, և ես իրավունք ունեմ մեռնել այն երկրում, որտեղ ծնվել եմ:

Հրանտ Դինքի վերջին հոդվածը`«Հոգեվիճակս վախվորած աղավնու է նման», տպագրվեց նրա սպանությունից հետո: