Վոլոդյա Հովհաննիսյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի Ալեն Սիմոնյանից․ դատարանը բավարարել է հայցը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Վոլոդյա Հովհաննիսյանի: Այս մասին տեղեկացնում է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը:

«Հայցը ներկայացվել էր «Ալեն Սիմոնյանի եղբայրը 100 մլն դոլարի ասֆալտի փող է ստացել. Վոլոդյա Հովհաննիսյան» վերնագրով տեսանյութի առնչությամբ, որը հեռարձակվել է 28.11.2022թ.-ին «Հայելի» ակումբի յութուբյան ալիքով, ինչպես նաև տեղադրվել hayeli.am կայքում և ֆեյսբուքյան էջում:

Դատարանը վճռել է Վոլոդյա Արտաշի Հովհաննիսյանին պարտավորեցնել վիրավորանքի և զրպարտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրել»,- նշել է նա: