Սուքիասյաններն ու վրացի գործարարները հայաստանյան վառելիքի շուկայում նոր ընկերություն են հիմնում․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ «2023 թվականի նոյեմբերի 29-ին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարեց «Մեգա Թրեյդ» և «Անիս Փետրոլեում» ընկերությունների կողմից նոր իրավաբանական անձի հիմնադրման միջոցով Հայաստանի նավթամթերքի շուկայում տեղի ունեցած նոր գործարքի մասին։ Նշված երկու ընկերությունների միավորմամբ ստեղծված ընկերությունը պետք է գործի Gulf ապրանքային նշանի ներքո։

«Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն պատկանում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Այդ ընկերությունը մտնում է «Սիլ Կապիտալ» ընկերությունների խմբի մեջ, որի սեփականատերը Սուքիասյան ընտանիքն է։ Ինչ վերաբերում է «Անիս Փետրոլեում»-ին, ապա այս ընկերության արմատները հասնում են մինչև Բրիտանական Վիրջինյան կղզիներ, որը օֆշորային գոտի է։ Այս ընկերության հետևում էլ վրացի գործարարներ են։

Ինչպես Սուքիասյանները հայտնվեցին Հայաստանի նավթամթերքի շուկայում

Նավթամթերքի շուկա Սուքիասյանների մուտքի մասին հայտնի դարձավ 2021 թվականին։ Այդ մասին հաղորդեց Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ տեղեկացնելով, որ «Սիլ կոնցեռն» ընկերությունը ձեռք է բերել «Ռան-Օյլ» ընկերությունը։ Հետագայում Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տեղեկատվությունից պարզ դարձավ, որ «Ռան-Օյլ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը 2022 թվականի ապրիլի 29-ից պատկանում է «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ին։

Այս ընկերությունն էլ հիմնադրվել է 2020թ․ փետրվարի 7-ին և տարբեր ժամանակահատվածներում տարբեր բաժնետերեր է ունեցել, որոնց մեծ մասը հիմնականում հենց Սուքիասյանների շրջապատից է։ Օրինակ՝ «Մեգա Թրեյդի» 15 տոկոս բաժնեմասի սեփականատեր Հակոբ Ալեքսանյանը 20 տոկոս բաժնեմաս ունի նաև Սուքիասյաններին փոխկապակցված մեկ այլ ընկերությունում՝ «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ում։ «Մեգա Թրեյդ»-ի 20 տոկոս բաժնեմասի սեփականատեր Գարեգին Մկրտչյանը 2022 թվականին Խաչատուր Սուքիասյանի խնամի Գագիկ Ծառուկյանից ձեռք է բերել «Կոտայք» գարեջրի գործարանը, որի 45 տոկոսը պատկանում է Արամայիս Գրիգորյանին, մնացած 20 տոկոսն էլ՝ ծագումով իրանցի Արաշ Նոսրաթիալամդարիին։

Նավթամթերքի շուկայում հենց «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն է ներկայացնում «Ռան-Օյլ» ապրանքանիշը, քանի որ բենզալցակայաններում տպվում է «Մեգա Թրեյդ»-ի ՀԴՄ կտրոնը։ «Ռան-Օյլ»-ը ձեռք բերելուց հետո «Մեգա Թրեյդ»-ն ակտիվորեն ներգրավվել է նաև պետական գնումներում և մի քանի անգամ խոշոր պայմանագրեր կնքել պետական գերատեսչությունների հետ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։