Ազատ գյուղի կացարանի ողբերգական դեպքի գործով արվեց ամեն բան՝ ծածկադմփոցի համար. փաստաբան

Անցած մեկ տարում Ազատ գյուղի կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ հարցերը նվազելու փոխարեն շատացան։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց տուժող կողմի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։
«Վերջին մեկ տարվա ընթացքում հասարակությունն ու զոհվածների ծնողներն այդպես էլ չիմացան, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Ծնողների ու հասարակության կասկածները ոչ միայն չփարատվեցին, այլև ճիշտ հակառակը։  Իրավասու մարմինների փնթի, ոչ կոմպետենտ, մակերեսային գործունեության արդյունքում ավելի մեծացան»,-ասաց փաստաբանը։
Նրա խոսքով, այս քրեական գործի ոդիսականը որոշվեց ու մինչ այսօր էլ որոշվում է իշխանությունների համատեքստում։

«Այս հայտարարությունն անում եմ պատասխանատու կերպով, հնարավոր ամեն ինչ արվեց ու արվում է սույն հանցագործությունը մինչև վերջ չբացահայտելու, մեղավոր անձանց շրջանակը չբացահայտելու և պաշտոնական վարկածը բյուրեղացնելու ու հանրությանը հրամցնելու համար։ Տուժող կողմը պատասխանատու կերպով հայտարարում է, սույն գործով արվեց ամեն բան՝ ծածկադմփոց անելու համար, իրականացվեց ամեն ինչ, որպեսզի մեզ համար դեռևս անհասկանալի պատճառներով սույն գործի բացահայտման ուղղությամբ ճշմարտությունը բացահայտելու որևէ իրական քայլ չկատարվի»,-հայտարարեց Նորիկյանը։

Հիշեցնենք, որ 2023 թ. հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։