Վերջին 4 տարիներին բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի աճ կա․ ՄԻՊ ներկայացուցիչ

Տարին սկսեցինք բանակում երեք մահվան դեպքերի մասին տեղեկություններով: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը:

Նա նախ նշեց, որ բանակում ամենախորքային խնդիրներից մեկը կարգապահության հետ է կապված, ապա վիճակագրական թվեր ներկայացրեց բանակում մահվան դեպքերի մասին. «2018-ին բանակում խաղաղ պայմաններում գրանցվել է 63 մահվան դեպք, 2019-ին՝ 49, 2020-ին՝  54, 2021-ին՝ 58, 2022-ին՝ 64, 2023-ին շատ ավելի շատ: Այսինքն մենք ունենք մահացության դեպքերի դինամիկ աճ: Նույնը ունենք նաև ինքնավնասումների մասով: Օրինակ, 2020-ին ունեցել ենք ինքնավնասումների 65 դեպք, 2021-ին՝ 77, 2022-ին՝ 108, 2023-ի վիճակագրության մասին կխոսենք ավելի ուշ: Սա խոսում է բանակում կարգապահության հետ կապված լրջագույն խնդիրների մասին»,-ասաց Եղոյանը: