«Գոյ»-ում տեղյակ չեն, որ Սունդուկյանի անվան թատրոնի հետ միավորման ակտը ստորագրվել է

Համաձայն կառավարության որոշման՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի միավորման ակտը հունվարի 15-ին սահմանված կարգով ստորագրվել է:  Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից։ Իսկ ահա «Գոյ» թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանը նշել է, որ տեղյակ չեն երեկ կայացած հանձնաժողովի նիստում ինչ է եղել, միաժամանակ ընդգծելով, որ այն չէր կարող ստորագրվել։

«Լուրեր են պտտվում, որ ստորագրվել է միավորման ակտը, բայց այն չէր կարող ստորագրվել, քանի որ հանձնաժողովի երկու անդամ՝ թատրոնի հաշվապահն ու կադրերի տեսուչը չեն ներկայացել նիստին։ Նախորդ անգամ չէին ներկայացել ու նիստը հետաձգվել էր։ Այս անգամ նույնպես չէին ներկայացել։ Եթե այս դեպքում ստորագված լինի ակտը, կլինի ևս մեկ ապօրինի քայլ, միակողմանի ստորագրված ակտ, քանի որ հանձնաժողովի երկու անդամը ներկա չեն եղել»,- նշել է նա։