Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է․ Գագիկ Մելքոնյան

Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է, «Ազատության»ը փոխանցեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը:

Զենքի խմբաքանակը, ըստ նրա, Հայաստան է հասել վերջերս:

Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ այդ խմբաքանակը Հայաստանին է փոխանցվել Ռուսաստանի հետ ավելի վաղ կնքված պայմանագրի շրջանակներում:

Օրերս Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Հանրայինի եթերում, պատասխանելով հարցին, թե ռուսական զենքը ստանո՞ւմ է Հայաստանը, որը պատվիրված էր, ասել է՝ «ինչ-որ մասնաբաժնով այո»։

«Ինչ-որ բան տալիս են, էն ծավալով չէ, որ մենք ակնկալում ենք՝ մեր կնքած պայմանագրի ծավալի առումով, բայց դրանք ընթացքում կկարգավորվեն, համոզված եմ», – ասել է Քոչարյանը։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, նաև վարչապետ Փաշինյանը պարբերաբար դժգոհել են, որ ռազմավարական դաշնակիցը սպառազինություն չի մատակարարում, թեև դրանց դիմաց հարյուրավոր միլիոններ են վճարվել։