Իրանի թիրախների թվում է «Թուրքմեստանի իսլամական կուսակցություն» ահաբեկչական խմբավորումը. Վարդան Ոսկանյան

Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» հրթիռային հարվածներ է հասցրել Իրաքի և Սիրիայի տարածքի մի շարք թիրախների։

Իրանագետ Վարդան Ոսկանյանի փոխանցմամբ, ամենաուշագրավը, թերևս, այն է, որ հարվածի ենթարկված թիրախների թվում է Սիրիայի տարածքում գործող «Թուրքեստանի իսլամական կուսակցություն» ահաբեկչական խմբավորումը։

«Այն համալրված է հիմնականում հակաչինական տրամադրություններ ունեցող ույղուրներից և հովանավորվում է էրդողանական վարչախմբի կողմից։ Այս ահաբեկիչները հատկապես աչքի են ընկել նաև Սիրիայի քրիստոնեական սրբավայրերը պղծելով։

Ուստի իրանական հարվածն այս հատվածում բազմակողմ է՝ ոչնչացվել է Չինաստանի և քրիստոնեական սրբավայրերի հանդեպ թշնամաբար տրամադրված և Թուրքիայի աջակցությունը վայելող ահաբեկչական խմբավորման ենթակառուցվածքը»,-գրել է իրանագետը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը  հայտարարել է, որ հրթիռային հարվածները պատասխան են Իրանում տեղի ունեցած վերջին ահաբեկչություններին՝  հարավարևելյան Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական պայթյուններին, ինչպես նաև Սիստան և Բելուջիստանում Ռասակի ոստիկանական բաժանմունքի վրա կատարված ահաբեկչական հարձակմանը:

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ի պատասխան ահաբեկչական խմբավորումների վերջին հանցագործություններին և Քերմանում ու Ռասակում մեր հայրենակիցների անարդար սպանության, Սիրիայի օկուպացված տարածքներում հայտնաբերել և հրթիռային հարվածներով ոչնչացրել է ահաբեկչության մի շարք առանցքային հրամանատարների և տարրերի»,-«Իռնա»-ի փոխանցմամբ, ասված է կորպուսի հայտարարության մեջ։