Այն երկրներում են թատրոն փակում, որտեղ ժողովրդավարություն չկա, որտեղ իսլամիստներն են ղեկավարում․ Նորա Արմանի

«Այն երկրներում են թատրոն փակում, որտեղ ժողովրդավարություն չկա, այն երկրներում են փակում թատրոն, որտեղ իսլամիստներն են  ղեկավարում»,- ԿԳՄՍ նախարարության դիմաց «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի լուծարման դեմ բողոքի ակցիայի ժամանակ ասաց ֆրանսահայ դերասանուհի Նորա Արմանին։

«Սա գալիս է նրանից, որ մարդիկ վախենում են, որովհետև թատրոնը շատ ուժեղ  ազդակ է, թատրոնը միակ տեղն է, որտեղ մարդ արարածն իր մտքերով, գոյությամբ կարողանում է անմիջական հաղորդակցություն ստեղծել ժողովրդի հետ և այդ ժողովրդի կյանքում ինչ-որ բան փոխել։ Այստեղ վախ կա։

Աշխարհում թատրոն կա, որովհետև ասելիք ունի այդ թատրոնը։ Այդ ասելիքը, ասելիք չունեցող մարդկանց, որոնք բյուրոկրատներ են, վախեցնում է։ Թատրոնը փակելու այլ պատճառ չեմ տեսնում ես»,- ասաց դերասանուհին։

«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը այսօր բողոքի էր դուրս եկել՝ պահանջելով թատրոնը չլուծարել ու չմիացնել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնը միացվել է Սունդուկյանի անվան թատրոնին և գործելու է նրա կազմում: «Գոյ» թատրոնի տնօրենը կառավարության այդ որոշման դեմ դատական հայց է ներկայացրել, սակայն օրեր առաջ նրան ազատել են աշխատանքից և նշանակել նոր պաշտոնակատար: