Վա՜յ, մենք ասել ենք՝ Նախիջևանը Հայաստան է, ասել ենք՝ Ղարաբաղը Հայաստան է, իրենք էլ Սևանում թեյ խմելու մասին են ասել․ Ալեն Սիմոնյան

Այն, ինչ անում է հարևան երկրի ղեկավարը, անում է հայելային՝ կրկնելով այն, ինչ հայկական կողմն արել է այս տարիների ընթացում։

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ալիևի տարածքային հավակնություններին։

«Չէ՞ որ մենք միշտ ասում էինք՝ սրանք մեր պատմական տարածքներ են, և այլն։ Ալիևը խոսում է մի բանի մասին, որպեսզի հակակշիռ ստեղծի այն նարատիվներին, որ մենք 30 տարվա ընթացքում ստեղծել ենք»,- նկատեց ԱԺ նախագահը։

Դիտարկմանը, թե Ալիևն է պնդում, որ «Էրիվանը Ադրբեջան է»՝ Սիմոնյանը արձագանքեց. «Վա՜յ, մենք ասել ենք՝ Նախիջևանը Հայաստան է, ասել ենք՝ Ղարաբաղը Հայաստան է, ասել ենք՝ գնալու ենք Բաքվում թեյ խմենք, իրենք էլ՝ Սևանում թեյ խմելու մասին են ասել»,-ասաց Սիմոնյանը։ Նա նաև հավելեց․ «Բայց գործընթաց կա, որ պայմանագիրը կողմերին հավասարաչափ է վերաբերում»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը նախագահն իր վերջի հարցազրույցում կրկին ՀՀ-ին տարածքային պահանջներ է ներկայացրել՝ պնդելով, թե, իբրև, Երևանն ու Ջերմուկն իրենց պատմական տարածքներն են։