Տարեմուտն սկսվեց եկեղեցու դեմ սանձազերծած պատերազմի թեժացումով

Այս՝ 2024 թվականի Տարեմուտը հայրենասերների, պետության հարգն իմացողների, պետականաշինության գործում ավանդ ունեցողների ու հավատավորների համար անհանդուրժելի, թեև այս իշխանություններից սպասելի արարքով սկսվեց՝ պախարակելի արարքով․ ՀՀ երրորդ հանրապետության պատմության մեջ չլսված բան էր, որ Հայ Առաքելական, Սուրբ Եկեղեցու ղեկավարի Տարեմուտի ուղերձը չհեռարձակվեց պետական հեռուստատեսությամբ։ Մի կողմ թողնենք բոլոր պատճառաբանությունները, որոնցով Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը փորձեց չքմեղանալ կաթողիկոսին և ի դեմս նրա՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նսեմացնելու քայլի համար, քանի որ որևէ պատճառաբանություն-արդարացում չի կարող լինել՝ հաշվի առնելով մեր պետության համար եկեղեցու հույժ կարևոր դերը։ Ակնհայտ է, որ Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը Կաթողիկոսի ուղերձը հեռարձակելու հետ կապված խառնաշփոթն ինքնագլուխ չէր սարքել, և նրանց հետևում իրեն երկրի թիվ մեկ դեմք հռչակածի ականջներն էին երևում։ Կաթողիկոսի դեմքով մեր եկեղեցու դեմ ոտնձգությունները քպ-ականներն իրենց աջակցողների ոհմակով նախաձեռնեցին դեռ իշխանությունը խաբեությամբ զավթելուց անմիջապես հետո՝ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը արհեստականորեն աճեցնելով և եկեղեցու դեմ լարելով։ Սակայն այն ժամանակ հասարակական լայն աջակցության չարժանանալով՝ շարժումն անցավ ընդհատակ՝ հարմար պահի հերթական հարձակումը գործելու։ Բարեբախտաբար այս անգամ ևս հանրային պարսավանքը սանձեց նիկոլի վկաների ախորժակը, և եկեղեցու դերը մեր պետության մեջ զրոյացնելու ծրագրերը բախվեցին հանրային քննադատության, որի դրսևորումներից մեկն էլ Հանրային հեռուստաընկերության դռանը թուրքական պետական հեռուստաալիքի տարբերանշանի հայտնվելն էր։ Հանրությունը չողջունեց Հանրայինի դիրքորոշումը՝ կապված Առաքելական եղեկեցու հետ և զգուշացրեց, որ նման «համարձակ» ամեն քայլ դիտարկվելու է որպես մեր պետության դեմ թշնամական հարձակում։

Դա կարծես քիչ էր, հիմա էլ հանրային հարթակներում հակաեկեղեցական հերձվածողները սկսել են եկեղեցու սպասավորներին պառակտելու, միմյանց դեմ հանելու ստոր քայլեր անել՝ շահարկեով Տաթևի վանքի վանահայր Գերաշնորհ Տեր Միքայել վարդապետ Գևորգյանի անունը։ Նախ ստահոդ լուրեր տարածեցին, թե Կաթողիկոսը մտադիր է կարգալույծ անել հայր Միքայելին, որը հերքվեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենի պարզաբանմամբ, որում նշվում է, որ հայր Միքայելը առողջական խնդիրներ ունի, ինչի պատճառով էլ չի կարող իր ծառայությունը առժամանակ շարունակել՝ պատարագ մատուցելով, սակայն նա շարունակում է ծառայել Տաթևի վանքում։ Տեր Միքայելն ինքն էլ հաստատել էր այդ տեղեկությունը՝ խնդրելով անհարկի չշահարկել իր անունը։ Բայց Առաքելական եկեղեցին հիմնաքանդ անելու «առաքյալները» ոչ միայն վանահոր անունն են շահարկում, այլև փորձում են նրան օգտագործել իրենց սատանայական նպատակների համար՝ իրենց պատվիրատուներին ծառայություն մատուցելու մոլուցքով։ Հիմա էլ ինչ-որ ֆլեշմոբ է ակտիվացել, որով «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամները կոչեր են հնչեցնում Տեր Միքայելին կաթողիկոս հռչակելու մասին՝ ի դեպ առանց վանահոր կարծիքն ու ցանկությունը հարցնելու։ Ասել է թե պարտադրում են դեմ գնալ մեր հավատքին, եկեղեցուն ու եկեղեցու օրենքներին։ Մի «փափկասիրտ» տիկին, որը գրանտակեր հասարակական կազմակերպության ղեկավար է և համատեղությամբ Փաշինյանի տիկնոջ հասարակական հիմունքներով օգնականը (նա է, որ ուրիշ ոչ մի կնոջ մեջ այնքան սեր, նվիրում և հոգատարություն չի տեսել, որքան Փաշինյանի՝ հայ զինվորների դիակների վրա պարող տիկնոջ մեջ), այնքան էր զգացվել վանահոր լուսանկարով ու նրա աչքերով, նրա հայացքից ճառագող բարությամբ, որ նրա մեջ անսանձ ցանկություն էր առաջացել հենց Գերաշնորհ Տեր Միքայելին տեսնել իբրև կաթողիկոս։ Նույնատիպ քարոզ է իրականացվում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման սոցիալական էջերում, որտեղ Տեր Միքայելը ներկայացվում է իբրև զոհ, Վեհափառը՝ իբրև չարիք, որը իբրև թե բոլոր արժանավորներին պատերազմ է հայտարարել ու կարգալույծ է անում։ Կարելի է մտածել, թե եկեղեցում միայն անարժաններն են մնացել ու ծառայություն իրականացնում, մնացած արժանավորներին հեռացրել են։ Հավատավորները, որոնք մասնակցում են եկեղեցական արարողություններին, շփվում եկեղեցականների, հոգևոր հայրերի հետ, լավ գիտեն, որ այդպես չէ․ բազմաթիվ նվիրյալներ են ծառայություն իրականացնում մայրաքաղաքի ու մարզերի եկեղեցիներում։ Հատկանշական է, որ կաթողիկոսի դեմ արշավ սանձազերծածները մերժում են եկեղեցին, հայտարարում, որ Աստծո հետ շփվելու համար իրենց միջնորդներ պետք չեն։ Հիմա որքանո՞վ կարող են նմանների մտահոգություններն անկեղծ հնչել, թե իբրև նոր կաթողիկոս է հարկավոր մեզ, իրենց ինչի՞ն է հարկավոր կաթողիկոսը։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ կաթողիկոսի դեմ պատերազմում չարակամ հաղթանակից հետո սրանք հայտարարելու են, թե մեզ եկեղեցի հարկավոր չէ, ու ամեն մեկն ինքը կարող է կապ հաստատել Աստծո հետ իր տանը, դե կամ էլ մարդկանց կուղարկեն աղանդների գիրկը։ Հերձվածողների առաքելությունը սա է։

Պարզ է, որ նրանց պրիմիտիվ հիմնավորումները զուտ շղարշ են՝ Առաքելական Եկեղեցու դեմ սանձազերծած խաչամերժ պատերազմը քողարկելու, և  նրանց բուն նպատակն ամենևին կաթողիկոսին փոխելը չէ։ Այս դեպքում մեկ զարկով երկու նապաստակ են ձգտում խփել նոր հայրապետ որոնողները՝ հերթական անգամ վարկաբեկելով կաթողիկոսին և Տեր Միքայելին սպիտակ ագռավ դարձնելով՝ տպավորություն ստեղծել, թե իբրև հոգևորականներն իրենք էլ ընդվզում են կաթողիկոսի դեմ, և իբր Առաքելական եկեղեցու ներսում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, ու հոգևոր դասը դուրս է եկել Վեհափառի աստվածաշնորհ հսկողությունից։

Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը զուգահեռ ընթանում է նաև հանրակրթական դպրոցներում ու բանակում։ Այս աստվածամերժ իշխանությունները հաջողությամբ կարողացան բանակից կտրել հոգևորականների ոտքը, և որպես հետևանք՝ բանակում սպանություններն ու ինքնասպանությունները նորից վիճակագրություն դարձան։ Մինչդեռ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին նման միջադեպերը և բանակում առկա բարոյահոգեբանական մթնոլորտը մեղմելու, երիտասարդների ծառայությունը հնարավորինս առանց միջադեպերի կազմակերպելու նպատակով որոշում էր կայացվել զորամասերին հոգևորականների կցել։ Ռազմական փորձագետների արձանագրմամբ՝ դրա շնորհիվ հնարավոր եղավ զգալիորեն կրճատել բանակային անցանկալի միջադեպերը, առավելևս սպանություններն ու ինքնասպանությունները։  Ավելին, Փաշինյան Նիկոլը ասես ամենևին չի խորշում նման դեպքերից, քանի որ այս էլ որերորդ անգամ բանակում զինվորականների մահեր գրանցվելուց հետո իր պաշտպանության նախարարին պատասխանատվության չի ենթարկում, ուր մնաց հեռացներ պաշտոնից։ Դե զինվորական երիտասարդ մարդու կյանքը հո էժանագին ցնցուղ կամ վատ ամրացված կախիչ չէ, որ մարզպետների ականջներ ոլորի ու պաշտոնանկ անի։ Ապա փորձվեր նման բան պատահեր նախկին իշխանությունների օրոք, ինչպիսի վայնասուն կբարձրանար ամբողջ հանրապետությունով մեկ, հազարումի նամակներ կուղարկվեին միջազգային տարատեսակ կառույցների, բողոքի ակցիաներով կշրջափակվեին կառավարական շենքերը, մարդիկ կլինեին, որ կպառկեին ասֆալտներին։ Իսկ հիմա՞․ քար լռություն այդ նույն պառկող-գրող-գոռացողների կողմից։ Բոլորս էլ գիտենք, թե ինչու է այդպես, դրա մասին քանիցս ասվել ու գրվել է։

Ճիշտ են ասում՝ մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը։ Միայն այս համեմատությամբ կարող ենք հասկանալ Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխանության և քպ-ակաների տարբերությունը, թե իրականում ով է մտահոգ պետության ու այդ պետության քաղաքացիների ներկայով ու ապագայով, թե իրականում ինչ առհավատչյաներ ու արժեքներ ունեին նախկինները, որոնց համար Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պետության գոյության կարևոր երաշխիքներից է ու, ամեն ինչ արվում էր նրա անխոցելիությունը պահպանելու, հոգևոր արժեքները տարածելու համար։

Իսկ ովքե՞ր են ներկաները և ո՞ւմ կամ ի՞նչ են պաշտում։

Թագուհի Ասլանյան