Եկամտահարկի վերադարձի ծրագիրն աստիճանաբար կդադարեցվի

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ներկայացրել է հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որ վերաբերում է հիպոտեկային վարկերում եկամտահարկի վերադարձին։ Ըստ նրա՝ նախագիծը նպատակ ունի մարզերում խթանել քաղաքաշինական ու տնտեսական ակտիվությունը՝ հատկապես կարճ ու միջին ժամկետում.

«Եկամտահարկը ռեգրեսիվության տարրեր է պարունակում, հետևաբար, կառավարությունը հայտարարել է, որ այս համակարգից դուրս գալու ռազմավարություն լինի»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Երևանում այդ համակարգի կիրառումն աստիճանաբար դադարեցնելու մասին մոտեցում է ընդունվել, և մինչև 2025թ. այդ ծրագիրը կդադարեցվի․

«Երկար ժամկետներով առաջարկվում է նույն լուծումներն ունենալ նաև մարզերի դեպքում,- ասել է նա։- Երևանին սահմանակից մարզերի համար առաջարկվում է արտոնության կիրառումը դադարեցնել 2027 թ. հունվարի 1-ից հետո ստացվող հիպոտեկային վարկերի գծով, իսկ մնացյալ մարզերի մասով՝ 2029 թ. հունվարի 1-ից հետո՝ բացառություն անելով սահմանամերձ բնակավայրերը»։

Փոխնախարարը շեշտել է, որ օրենսդրությունը հետադարձ ուժ չի ունենա, և օրենքների ընդունումից հետո խստացումները չեն տարածվի նրանց վրա, որոնք արդեն օգտվում են այդ ծրագրից։