Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրվա միջոցառումներն ամփոփվել են թանգարանում

Տարին հոբելյանական է. հունվարի 9-ին լրացել է կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը:

Օրվա շրջանակում իրականացված միջոցառումներն ամփոփվել են Սերգեյ Փարաջանովի թանգարանում՝ «Գյուրջիև» և «Բարեկամություն» համույթների կատարումներով:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, արվեստասեր հանրության ներկայացուցիչներ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել մեծանուն արվեստագետի հոբելյանի կապակցությամբ:

«Հոբելյանական տարին կնշվի ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում արվեստի տարբեր ոլորտների դրսևորումներով՝ ինչպես դասական, այնպես էլ նոր ձևաչափերով՝ համահունչ փարաջանովյան մոտիվներին: Շուտով Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական տարին կմեկնարկի նաև Ֆրանսիայում. նախատեսված են միջոցառումներ ժամանակակից պարի և թատրոնի ոլորտներում»,- ասել է Դանիել Դանիելյանն՝ ընդգծելով, որ Փարաջանովն այն արվեստագետն է, որը մշտապես ոգեշնչում է երիտասարդներին՝ ստեղծելու նոր ոճեր ու արժեքավոր ստեղծագործություններ՝ նրա իսկ ներշնչանքով: Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրենի պարտականությունները կատարող Մարիաննա Մանուչարյանի խոսքով՝ Փարաջանովը չի սիրել  տոնել իր տարեդարձը, և սովորաբար այն նշել է որդու՝ Սուրենի ծննդյան օրը. «Սակայն թանգարանի հիմնադրման առաջին իսկ օրից հունվարի 9-ը վերածվել է յուրահատուկ տոնակատարության՝ ամենամյա գեղեցիկ ավանդույթի ձևավորմամբ, որի հեղինակը թանգարանի հիմնադիր լուսահոգի Զավեն Սարգսյան էր: Վստահ եմ՝ այսօր նրանք հոգեպես մեր կողքին են»:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը ներկայացրել է կինոկենտրոնի գործունեությունը՝ Փարաջանովի արվեստի հանրահռչակման ուղղությամբ: Ըստ նրա՝ Փարաջանովի՝ Հայաստանում նկարահանված 2 ֆիլմերը՝ «Նռան գույնը» և «Հակոբ Հովնաթանյան», վերականգնվել են միջազգային չափանիշներին համարժեք ամենաբարձր որակով: «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը տպագրվել է նոր ժապավենի վրա:  Այն առաջին հայկական ֆիլմն է, որը ներկայացվել է Փարիզի «Պոմպիդու» կենտրոն՝ որպես թանգարանային նմուշ: Ֆիլմը հանձնվել է նաև Նյու Յորքի MoMA՝ Ժամանակակից արվեստի թանգարան, ինչն աննախադեպ իրադարձություն է և նոր հեռանկարների հնարավորություն կինոոլորտում:

Հոբելյանական տարին շնորհավորել է նաև Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը՝ նշելով, որ Կիևում ևս նշվում է նշանավոր հոբելյանը: Դեսպանը թանգարանի հիմնադրի՝ Զավեն Սարգսյանի այրուն՝ Նեդա Դալալյանին է հանձնել Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերության (АОКС) հեղինակած հուշամեդալը՝ Փարաջանովի պատկերով։

Նշենք, որ ձևավորվել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների կառավարական հանձնաժողով, և ողջ տարվա ընթացքում նախատեսվում են հոբելյանն արժևորող բազմաթիվ ծրագրեր: