Ցնցուղի մասին վարչապետի հանձնարարականն ինձ չէր ուղղված․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից լրագրողը հետաքրքրվեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը կատարե՞լ է՝ ճշտե՞լ է ցնցուղի գինը։ «Խնդրում եմ տեսանյութն ուշադիր նայեք, վարչապետի հանձնարարականն ինձ չէ ուղղված»,- պատասխանեց նա։

Լրագրողի դիտարկմանը, որ ցնցուղը Ձեզ է ուղղել և հանձնարարել ճշտել ցնցուղի շուկայակական գինը, Անդրեասյանն ասաց․ «Տեսանյութը մինչև վերջ ուշադիր նայեք։ Ցնցուղն այդ գույքի մաս չէ»։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արագած բնակավայր: Նա այցի շրջանակում եղել է Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում և ծանոթացել կատարված աշխատանքներին։

Փաշինյանը պոկել է լոգարանի ցնցուղը և, դիմելով Անդրեսայանին, ասել․ «Ամենայն լրջությամբ եմ ասում, տիկի՛ն Անդրեասյան, սա վերցրեք, [ցնցուղը] տեսեք տեխնիկական բնութագրով ինչ գնանոց է ու ինչ արժե մեր շուկայում»։