WhatsApp-ում նոր գործառույթ կհայտնվի

Հանրահայտ WhatsApp մեսենջերում կհայտնվի նոր գործառույթ, որը թույլ կտա Android սարքերի օգտատերերին տեսազանգերի ժամանակ զրուցակիցների հետ դիտել տեսանյութեր և երաժշտություն լսել։ Այս մասին հայտնում է WABetaInfo պորտալը։

«Երբ դուք կիսում եք ձեր էկրանը, ձեր սարքում նվագարկվող ձայնը նույնպես կհնչի ձեր գործընկերոջ սարքում», – ասվում է պորտալի հաղորդագրությունում:

Փորձագետներն ընդգծել են, որ օգտատերերը կկարողանան նաև միասին տեսանյութեր դիտել։

«Այս տարբերակը մասնակիցներին թույլ է տալիս համաժամացնել տեսանյութի ցուցադրումը և ստեղծել վիրտուալ ֆիլմերի դիտում», – նշել են մասնագետները:

Ըստ WABetaInfo-ի՝ տեսազանգի ընթացքում աուդիո փոխանակման տարբերակը հասանելի է որոշ բետա փորձարկողների համար, որոնք ներբեռնում են WhatsApp-ի վերջին բետա թարմացումները Google Play Store-ից: Գործառույթը հասանելի կլինի օգտատերերի ավելի լայն շրջանակի համար առաջիկա շաբաթների ընթացքում: