Խաղաղության համաձայնագիրը միայն ստորագրումը չէ, դա ակնհայտորեն նաև իրականացումն է․ Թոմ դե Վաալ

Խաղաղության համաձայնագիրը միայն ստորագրումը չէ, դա ակնհայտորեն նաև իրականացումն է։ Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում նշել է ղարաբաղյան հակամարտության մասնագետ, Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ դը Վաալը:

Հրայր Թամրազյան․ – Հիմա եկեք խոսենք խաղաղության հեռանկարի մասին։ Հայաստանում Նիկոլ Փաշինյանին քննադատում են վերջին ամիսներին Բաքվի առաջադրած բոլոր առաջարկներին ու պահանջներին համաձայնելու համար։ Դրանցից մեկն ամբողջությամբ բացառելն է Լեռնային Ղարաբաղի հայերի հետ կապված բոլոր հարցերը, հատկապես իրենց տներ վերադառնալու իրավունքը։ Ինձ թվում է՝ Հայաստանը համաձայնել է այս հարցում։ Մյուս պահանջը դա սահմանների սահմանագծման և սահմանազատման հետ կապված հարցերը հետագա քննարկումների համար թողնելն է։ Թեև այս հարցում Երևանի դիրքորոշման մեջ հստակություն չկա, խորհրդարանի խոսնակը հրապարակավ ասաց, որ իմաստ ունի սահմանների սահմանագծման հարցերը չներառել խաղաղության համաձայնագրում, քանի որ, ինչպես նա պնդում էր, դա կարող է ձգձգել խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Այլ կարծիքի է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Ընդդիմությունն ասում է, որ եթե այս հարցերը բացառվեն, ապա խաղաղության պայմանագիրը պարզապես դատարկ խոստումների շարադրություն է լինելու։ Ի՞նչ եք մտածում այս հարցում։

Թոմ դե Վաալ․ – Իհարկե, խաղաղության համաձայնագրի ստորագրումը միայն սկիզբն է։ Ակնհայտ է, որ անհրաժեշտ է խաղաղության համաձայնագրի իրականացում։ Իսկ կոնֆլիկտաբանության մեջ հայտնի վիճակագրություն կա, որ խաղաղ համաձայնագրերի կեսից ավելին խափանվում են հինգ տարվա ընթացքում։ Իսկ խոսքը բավականին բարդ խաղաղության համաձայնագրերի մասին է: Այնպես որ, դա միայն ստորագրումը չէ, դա ակնհայտորեն նաև իրականացումն է։ Հայաստանն ասում է, որ ցանկանում է խաղաղության համաձայնագրի միջազգային երաշխիքներ, և դա նշանակում է, որ միգուցե պետք է ուժեղացված մոնիտորինգի ներկայություն լինի, ինչպիսին եվրոպական մոնիտորինգի ներկայությունը սահմանին, որպեսզի դա բարձրացնի զսպման գործոնը ու հետ պահի Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ ուժի կիրառումից: Կարծում եմ՝ սա է գաղափարը: Եվ հետո փորձում եք հնարավորինս միջազգայնացնել հարցը։ Եվ այստեղ մենք տեսնում ենք լարվածություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, որն ասում է՝ ոչ, մեզ պետք չէ որևէ միջազգային պայմանագիր, կամ մեզ պետք են տարածաշրջանային լուծումներ, որոնց տակ նկատի ունեն Թուրքիային, Ռուսաստանին և Իրանին՝ բացառելով Արևմուտքը։ Կարծում եմ՝ սա է հիմնական խնդիրը։ Ինչ վերաբերում է վերադարձի իրավունքին, ապա, կարծում եմ, ղարաբաղցիների մեծամասնությունը ներկայիս պայմաններում չի ցանկանում վերադառնալ հայրենիք՝ ադրբեջանական տիրապետության տակ: Միգուցե նրանք կուզենային այցելել, կուզենային հետ ստանալ իրենց ունեցվածքը, գուցե ցանկանան այցելել ընտանեկան գերեզմաններ կամ տեղափոխել այդ գերեզմանները Հայաստան: Բայց ես չեմ կարծում, որ որևէ մեկը խոսում է մոտալուտ վերադառնալու իրավունքի մասին։ Իմ կարծիքով՝ վերադարձի այս իրավունքը պետք է լինի ընդհանուր և համապարփակ: Մենք խոսում ենք վերադարձի մասին, որը պետք է վերաբերի բոլորին, դրա նկատմամբ պետք է լինի որոշակի միջազգային վերահսկողություն, և դա ներառում է ընդհուպ 1988-1990 թվականներին տեղահանվածներին: Այնպես չէ, որ շատերը կցանկանան վերադառնալ Բաքու, Սումգայիթ, բայց կարծում եմ, որ իրավունքը պետք է հաստատվի միջազգայնորեն, և դա կլինի ապագա խաղաղության համաձայնագրի մի մաս:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։