Խիստ կասկածում եմ, որ ԵՄ-ն կամ ՆԱՏՕ-ն ներդրումներ կանեն Հայաստանի զինված ուժերում. Թոմ դե Վաալ

Խիստ կասկածում եմ, որ ԵՄ-ն կամ ՆԱՏՕ-ն ներդրումներ կանեն Հայաստանի զինված ուժերում: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում նշել է ղարաբաղյան հակամարտության մասնագետ, Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ դը Վաալը:

Հրայր Թամրազյան․ – Արդյո՞ք մենք լուրջ ջանքեր ենք տեսնելու Հայաստանի զինված ուժերի և անվտանգության համակարգի ամրապնդման ուղղությամբ։ Արդյո՞ք Եվրամիությունը կամ ԵՄ անդամ առանձին երկրներ պատրաստ են այդ նպատակով լուրջ գումարներ ներդնել ու սարքավորումներ տրամադրել։ Մենք ԱՄՆ-ից լսեցինք, որ Ադրբեջանը կամ Հայաստանը չպետք է մասնակցեն տրանսպորտային և հաղորդակցման նախագծերին, որոնցում ներգրավված են Ռուսաստանը և Իրանը։ Բայց կա արդյո՞ք Արևմուտքում պատրաստակամություն՝ բարելավելու Հայաստանի պաշտպանության ու անվտանգության ոլորտը, օգնել Հայաստանին և Ադրբեջանին վերջապես խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ Առաջ հայացք նետելով, ի՞նչ եք կարծում այս հարցի շուրջ:

Թոմ դե Վաալ․ – Կարծում եմ՝ կա քաղաքական հետաքրքրություն։ Կարծում եմ՝ դիվանագիտական հետաքրքրություն կա։ Կարծում եմ, որ մի փոքր տնտեսական հետաքրքրություն էլ կա: Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա ես խիստ կասկածում եմ, որ ԵՄ-ն կամ ՆԱՏՕ-ն ներդրումներ կանեն Հայաստանի զինված ուժերում։ Հայաստանը դեռևս ՀԱՊԿ անդամ է։ Միգուցե Ֆրանսիան երկկողմ մակարդակով ինչ-որ բան անի, բայց այստեղ մենք խոսում ենք երկարաժամկետ գործընթացի մասին։ Երկարաժամկետ հեռանկարում, կարծում եմ, Հայաստանը կարող է շատ լավ հեռանկարներ ունենալ։ Այն ժողովրդավարական երկիր է ու կարծում եմ՝ այդպիսին կմնա։ Այն շարունակում է լավ կրթված բնակչություն ունենալ։ Հայաստանի համար հեռանկարները կարող են լավ լինել։ Բայց դա ավելի երկարաժամկետ հեռանկարում: Կարճաժամկետ հեռանկարում, սակայն, եթե դիտարկենք 2024 թվականը, Սյունիքում շատ բան կարող է այնպես չլինել այն պարագայում, երբ Ռուսաստանը գուցե փորձում է ապակայունացնել Փաշինյանի իշխանությունը: Իսկ այն, ինչ կարող է առաջարկել Արևմուտքը, ցավոք, ավելի երկարաժամկետ է, ոչ այնքան կարճաժամկետ: Այնպես որ, կարծում եմ, որ ամեն ամիս վճռորոշ է։

Հրայր Թամրազյան․ -Ի՞նչ եք կարծում, արդյոք Ռուսաստանը դեռևս մեծապես շահագրգռված է ապակայունացնելու և փաստացի տապալելու Փաշինյանի կառավարությունը և իշխանության բերելու նախկին ռեժիմի որոշ անդամների, որոնք հավատարիմ են նրան:

Թոմ դե Վաալ․ – Կարծում եմ՝ Ռուսաստանն իսկապես կցանկանար դա անել։ Բայց ենթադրում եմ, որ գուցե Փաշինյանին օգնում է այն, որ թեև նա ոչ պոպուլյար է (unpopular), բայց Ռուսաստանը՝ ավելի ոչ պոպուլյար է (unpopular)։ Այնպես որ, սա, ենթադրում եմ, միակ բանն է, որ փրկում է Փաշինյանի իշխանությանն այս պահին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։