Ադրբեջանական գերության մեջ պահվող հայերի իրավունքների պաշտպանության ծավալուն աշխատանք է իրականացվում. արդարադատության նախարար

Ադրբեջանական գերության մեջ գտնվող հայերի իրավունքների պաշտպանության ծավալուն աշխատանք է իրականացվում։ Այս մասին տեղեկացրել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հունվարի 8-ի՝ 2023-ն ամփոփող  մամուլի ասուլիսում։

Նախարարը հիշեցրել է, որ դեկտեմբերին ավելի քան 30 հայ գերիներ վերադարձել են տուն, Հայաստանն իր հերթին Ադրբեջանին է հանձնել երկու դատապարտյալի։ Մինասյանի խոսքով՝ «իրականացվում է մեծ դիվանագիտական աշխատանք ԱԳՆ-ի և դեսպանությունների միջոցով՝ միջազգային հանրությանը տեղեկացնելու համար այն մասին, թե իրականում ինչ է տեղի ունեցել, այդ ինչ մարդիկ են (գերության մեջ գտնվող ԼՂՀ նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը- խմբ.), նրանց քաղաքական անցյալը։ Կատարվում են նաև ԿԽՄԿ այցելություններ, որն ապահովում է գերիների կապը հարազատների հետ։ ՀՀ կառավարության միջազգային-իրավական հարցերի գծով ներկայացուցիչը ակտիվորեն աշխատում է միջազգային դատական մարմիններում՝ գերիների իրավունքների պաշտպանության համար։ Վստահ եմ, որ ծավալուն աշխատանք է իրականացվում, և ապագայում կլինի այդ դատերի վճիռները ներկայացնելու հնարավորություն»։