Գագիկ Խաչատրյանին դատարան են բերել շտապօգնության մեքենայով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Կենտրոն նստավայր) այսօր տեղի է ունենում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստ:

Չնայած առողջական խնդիրներին՝ Գագիկ Խաչատրյանը ներկա է նիստին։

Դատական նիստին ներկա գտնվելու համար նրան դատարան են բերել բժշկական հաստատությունից՝ շտապօգնության մեքենայով։ Նա անվասայլակով է։

Պաշտպանական թիմի հաղորդմամբ, քանի որ դատարանը դեկտեմբերին մերժել է Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը, սակայն չի քննել պաշտպանության միջնորդությունը` թույլ տալու մեկնել Գերմանիա վիրահատության նպատակով, այսօր միջնորդություն է ներկայացվելու նաև այս հարցով: Նշվում է, որ հարցի քննությունը հետաձգվել էր, որպեսզի ստացվի մասնագիտական եզրակացությունը անկախ մարմնից, թե արդյոք հնարավոր չէ՞ նման վիրահատություն կատարել Հայաստանում:

«Հաշվի առնելով, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը խիստ սրված է, և այս պահին վիրահատության հետաձգումը կյանքի և առողջության լրջագույն ռիսկեր է պարունակում, ենթադրվում է հարցի հրատապ քննություն»,- նշել են պաշտպանական թիմից։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1ին-մասով (պաշտոնեական կեղծիք):

Գագիկ Խաչատրյանի գործով նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ։