Իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել են «Al Jazeera» հեռուստաալիքի ղեկավարի որդին և նրա գործընկերը

«Al Jazeera» հեռուստաալիքի բյուրոյի ղեկավար Վաել Դահդուհի որդին՝ Համզա Դահդուհը, զոհվել է իսրայելական ավիահարվածի հետևանքով․ ավտոմեքենան, որի մեջ նա եղել է այլ լրագրողների հետ, պայթեցվել է, հայտնում է հեռուստաալիքը։

Հոկտեմբերի 26-ին իսրայելական ավիահարվածի հետևանքով Վաել Դահդուհը  կորցրել էր ևս չորս հարազատի, այդ թվում՝ կնոջը, երկու երեխաներին և թոռանը: Նա ինքը վիրավորվել էր անցյալ ամիս հարձակման ժամանակ, որի հետևանքով զոհվել էր «Al Jazeera»-ի օպերատոր Սամեր Աբու Դաքան։

Ավելի ուշ հեռուստաալիքը հայտնել է իր մեկ այլ լրագրողի՝ Մուստաֆա Թուրայայի զոհվելու  մասին, որը մեքենայում է եղել  Դահդուհի հետ։ Մեկ այլ գործընկեր՝ Հազեմ Ռաջաբը, ծանր վիրավորվել է։

Հեռուստաալիքը դատապարտել է իսրայելական ուժերի գործողությունները՝ կոչ անելով Միջազգային քրեական դատարանին, կառավարություններին, իրավապաշտպան կազմակերպություններին և ՄԱԿ-ին «Իսրայելին պատասխանատվության ենթարկել իր նողկալի հանցագործությունների համար» և պահանջել «դադարեցնել լրագրողների վրա հարձակումներն ու սպանությունները»: