Բլինքենը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն դեմ է պաղեստինցիների բռնի տեղահանմանը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հորդանանի թագավոր Աբդալլա Երկրորդի և փոխվարչապետ, արտաքին գործերի և արտագաղթի հարցերով նախարար Այման Սաֆադիի հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները դեմ է Գազայի հատվածից և Արևմտյան ափից պաղեստինցիների բռնի տեղահանմանը, ասվում է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հաղորդման մեջ։

«Պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Աբդալլա  Երկրորդ թագավորին Գազայի պաղեստինցի խաղաղ բնակիչներին կենսական օգնություն ցուցաբերելու գործում Հորդանանի դերի և առաջնորդության համար: Նրանք երկուսն էլ պայմանավորվել են շարունակել սերտ համակարգումը շարունակական մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Պետքարտուղարը նաև ընդգծել է Միացյալ Նահանգների հակազդումը  Արևմտյան ափից և Գազայի հատվածից պաղեստինցիների բռնի տեղահանմանը և  արևմտյան ափի պաղեստինցի խաղաղ բնակիչներին ծայրահեղական վերաբնակիչների բռնությունից պաշտպանելու հրատապ անհրաժեշտությունը: Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ հանձնառությունը՝ իսրայելցիների և պաղեստինցիների համար կայուն խաղաղության և անվտանգության ապահովման հարցում՝ անկախ պաղեստինյան պետության ստեղծման միջոցով», – ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի հաղորդման մեջ: