Մահացել է «Եվրամիության ճարտարապետ», «եվրոյի հայր» Ժակ Դելորը

98-տարեկանում Փարիզի իր տանը մահացել է Եվրոպական հանձնաժողովի նախկին ղեկավար Ժակ Դելորը: Նրա մահվան մասին AFP գործակալությանը հայտնել է դուստրը՝ Մարտինա Օբրին։

Արևմտյան ԶԼՄ-ները Դելորին անվանում են «եվրոյի հայր» և «ժամանակակից Եվրամիության ճարտարապետ»։  Իր քաղաքական կարիերայի ընթացքում նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ:

Մասնավորապես՝ 1981-1984 թվականներին Դելորը զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանի կառավարությունում, իսկ 1985 թվականին գլխավորել է Եվրոպական հանձնաժողովը։

Դելորը Եվրահանձնաժողովը գլխավորել է երեք ժամկետ՝ մինչև 1995 թվականը։ Այս տասնամյակը դարձել է ԵՄ երկրների ներքին ինտեգրման ամրապնդման ժամանակաշրջան։ Մասնավորապես, ավարտվել է ընդհանուր շուկայական տարածքի ստեղծումը, կնքվել են Շենգենյան համաձայնագրեր, ընդունվել է «Էրազմուս» ուսանողական փոխանակումների ծրագիրը, ինչպես նաև սահմանվել է եվրոպական միասնական արժույթը՝ եվրոն:

1995 թվականին պաշտոնը թողնելուց հետո Դելորը հրաժարվեց առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում՝ չնայած պոտենցիալ մրցակիցների նկատմամբ հարցումների մեծ առավելությանը: Իր որոշումը Դելորը բացատրել է անկախ մնալու ցանկությամբ։ «Ես ոչ մի բանի համար չեմ զղջում, բայց չեմ էլ ասում, որ ճիշտ էի»,- քաղաքական գործչի խոսքերն է մեջբերում France 24-ը:

Դելորի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Դելորին անվանելով «մեր Եվրոպայի անխոնջ կառուցողը»:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ Դելորին անվանել է «հեռատես, որը մեր Եվրոպան ավելի ուժեղ է դարձրել»: «Նրա կյանքի գործը միասնական, դինամիկ և բարգավաճող Եվրոպական միությունն է։ Եկեք հարգենք նրա ժառանգությունը՝ անընդհատ թարմացնելով մեր Եվրոպան», – գրել է նա։