Անցկացվել է Անչափահասների արդարադատության խորհրդի նիստը

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Անչափահասների արդարադատության խորհրդի» ամփոփիչ նիստը: Լևոն Բալյանը ողջունել է անդամներին և ներկայացրել Խորհրդի աշխատանքների կազմակերպման, Խորհրդի կողմից առաջարկների քննարկման և դիրքորոշումների ներկայացման նոր ընթացակարգերը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից:

«Քննարկվել են անչափահասի նկատմամբ կիարառվող խափանման միջոցի՝ տնային կալանքի կիրառման պրակտիկայի և քրեակատարողական հիմնարկից ազատված մինչև 19 տարեկան անձանց կրթության, աշխատանքի շարունակականության ապահովման հարցերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել անչափահասի նկատմամբ կիարառվող տնային կալանքի կիրառելիության, սահմանափակումների ընթացքում առաջացող խնդիրների, անչափահասի կրթության իրավունքի ապահովման հետ կապված տեխնիկական հնարավարությունների և գործնականում վերահսկողության իրականացման խոչընդոտների վերաբերյալ հարցերին: Խորհրդի անդամները ներկայացրել են գործնական դաշտում արձանագրված խնդիրները և կիսվել իրենց դիտարկումներով:

Խորհրդի հանդիպման ավարտին որոշվել է հաջորդ հանդիպումը կազմակերպել 2024 թվականի առաջին եռամսյակում՝ մինչ այդ նոր առաջարկներ ներկայացնելու պայմանավորվածությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: