Կարևորում ենք Արցախի սուրբ էթնոսի պահպանումը․ «Արդարություն և Վերադարձ» ՀԿ համահիմնադիր

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամեն բան գին ունի, բայց արժեքները փոխվել են։ Այս մասին «Արդարություն և Վերադարձ» ՀԿ հիմնադիրների մամուլի ասուլիսին  ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր, «Արդարություն և Վերադարձ» ՀԿ համահիմնադիր Մետաքսե Հակոբյանը։

«Կարևորում ենք Արցախի սուրբ էթնոսի պահպանումը։ Մենք մեր պատմական հայրենիք դեռ վերադառնալու ենք, դրանք զուտ հույսեր չեն, և պետք է մշակույթը, կապիտալը պահպանել։ Պետք է նաև պահպանել ու ուժեղացնել Արցախի ինքորոշման իրավունքի և սուբյեկտայնության հատկանիշները, արցախահայության՝ հայրենի հողում անվտանգ ապրելու, գույքային, հոգևոր ժառանգության և մյուս իրավունքները»,- ասաց Հակոբյանը՝ նշելով, որ սա մեր հասարակության անելիքն է, պետք է տեր լինենք այն ամենին, որ հայ ժողովրդի արյան գնով կարողացել ենք վերադարձնել ու հիմա արյան գնով նորից կորցրել ենք։