Միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը բոլոր հնարավորություններն ուներ՝ խուսափելու գերությունից․ Սենոր Հասրաթյան

Արցախ ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է․

«Կարծեմ 2023թ. գարնանն էր… Ստեփանակերտի «Ռոսիա» սրճարանում Ռուբեն Վարդանյանի հետ նստած՝ զրուցում էինք Արցախում և նրա շուրջ տեղի ունեցող զարգացումներից: Այդ օրերին նա նոր էր թողել պետնախարարի պաշտոնը: Խոսում էինք հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական ծանր վիճակից, կարծիքներ փոխանակում իրադրությունից դուրս գալու ելքերի շուրջ և… հարցնում եմ՝

-Թշնամու ճամբարից Ձեր մասին հաճախ են ակնարկում, դա Ձեզ չի՞ անհանգստացնում:

-Ինձ ավելի շատ անհանգստացնում է Արցախում տիրող այսօրվա մթնոլորտը, երբ մարդիկ զբաղված են մեկը մյուսին «սևացնելու» հանցավոր անգործունեությամբ, այլ ոչ թե միասնական ուժերով իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրելով…

-Մեր առաջին հանդիպման ժամանակ ես Ձեզ ասել էի, որ արցախցիներին լավ չեք ճանաչում, հիշո՞ւմ եք…

-Իսկ ես էլ ասացի, որ աշխարհի բոլոր մարդիկ նույնն են, պարզապես, նրանց ոչ թե հասկացնել, այլ հասկանալ է պետք… Այսօր մենք՝ ոչ միայն նրանց, այլև ինքներս մեզ չենք հասկանում… Ինձ համար, օրինակ, զարմանալի չէր լինի, եթե վաղը 200 դոլարով ինչ-որ մի վարձկան մահափորձ կատարի իմ դեմ… Ես դրանից չեմ վախենում, ես վախենում եմ նրա համար, ով 200 դոլարի դիմաց պատրաստ է գնալ պատվիրված սպանության…

Հ.գ.-2023թ. սեպտեմբերի 27-ին Հագարի կամուրջի մոտ ադրբեջանցիների կողմից տեղադրված ապօրինի անցակետում Ռուբեն Վարդանյանը կալանավորվել և տեղափոխվել է Բաքվի բանտ: Առայսօր նա գտնվում է գերության մեջ…

Հ.գ.գ.- Միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը բոլոր հնարավորություններն ուներ խուսափելու գերությունից, բայց, ինչպես իր որդին կասեր՝ «Նա խոսքի մարդ է, ասել է՝ մինչև վերջ կլինի ժողովրդի կողքին, այդպես էլ արել է…»։