«Հանրային ձայնը» քվորում ապահովեց․ ավտոկայանատեղիների թանկացման մասին նախագիծը մտավ օրակարգ

Երևանի ավագանու այսօրվա դեկտեմբերի 26-ի նիստի օրակարգում է տեղական տուրքերի և վճարների մասին փոփոխությունների նախագիծը, որով ավտոկայանատեղիների տարեկան վճարը մայրաքաղաքի կենտրոնում 12 000 դրամից բարձրանալու է՝ հասնելով 160 000 դրամի:

«Մայր Հայաստանն» առաջարկել էր ընդդիմադիր խմբակցություններին բոյկոտել նիստը, սակայն «Հանրային ձայն»-ը մտավ նիստերի դահլիճ՝ ապահովելով քվորում։

«Բոլորն ականատես եղան, թե որ քաղաքական ուժը ապահովեց Երեւանի ավագանու նիստի քվորումը»,- Երևանի քաղաքապետարանի շենքում լրագրողների հետ զրույցում ասաց  ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:

«Հետագա բոլոր թանկացումների պատասխանատվությունը իշխանությունների հետ հավասարաչափ կիսելու է «Հանրային ձայն» կուսակցությունը: Մենք արձանագրեցինք, որ ընդունվելիք թանկացումները Նոր տարվա  դեկտեմբերի 31-ի գիօշերը երեւանցիներին մատուցելու են նվեր՝ թանկացումների տեսքով: Քաղաքական ուժերը էլ ավելի են պարզաջրվում:

Նշենք, որ Երևանի ավանագու նիստին գրանցվեց ավագանու 36 անդամ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն», խմբակցություններ, որով և ապահովվեց քվորում։

Ավելի ուշ ավագանու նիստին ներկայացան ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունների անդամները:

Առավոտյան Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, մինչ ավագանու նիստի մեկնարկը, ակցիա էր իրականացնում քաղաքապետարանի դիմաց՝ ընդդեմ թանկացման նախագծի: