ՀՀ իշխանությունը կտրուկ քայլերի չի գնա արտաքին քաղաքականության դաշտում. Ղուկասյան

Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների շուրջ ակտիվորեն տարածվում են կեղծ տեղեկատվական հոսքեր, ինչպես նաև ֆոն է ստեղծվել, թե իբր հայ հասարակության ճնշող մեծամասնությունը բացասաբար է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ։ Իրականում իրավիճակը ակնհայտորեն ուռճացված է, և բնակչության շրջանում մեծ է այն մարդկանց թիվը, որոնք աջակցում են մեր երկկողմ հարաբերություններին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժողովրդի ձայնը» փորձագիտական ​​ակումբի անդամ, քաղաքագետ Արման Ղուկասյանը՝ ամփոփելով անցնող տարվա արդյունքները։

Նրա խոսքով, երկու երկրների միջև առկա է սերտ համագործակցություն տնտեսական ոլորտում։

«Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի թիվ մեկ առևտրատնտեսական գործընկերը. երկու երկրների միջև առևտուրը միայն անցած տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 77%-ով և գերազանցել 4,1 մլրդ դոլարը, ինչը ռեկորդային է։ 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ապրանքաշրջանառությունն աճել է 43,5%-ով և կազմել 4,4 մլրդ դոլար։ Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն արտահանումն այս տարի հասել է 2,645 մլրդ դոլարի (աճը՝ 85%), ներմուծումը՝ ավելի քան 2,25 մլրդ դոլարի (աճը՝ 15,4%)։ Բացի դրանից, Ռուսաստանը ներկայումս ներդրումներ է կատարում և նախատեսում է շարունակել դրանք Հայաստանի տնտեսության մեջ։ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցով ՀՀ-ում ներդրումների պորտֆելը 10 ծրագրերի համար գնահատվում է 533 մլն դոլար, ևս 300 մլն դոլար արժողությամբ ծրագրեր քննարկման փուլում են»,- ասաց նա՝ նշելով, որ Հայաստանին նման ներդրումներ ոչ ոք նույնիսկ չի էլ առաջարկել։

Ինչ վերաբերում է դեպի Արևմուտք իշխանությունների բռնած քաղաքական ուղուն, որը պաշտպանելու համար նրանք փորձում են հակառուսական տրամադրություններ հրահրել հայ հասարակության մեջ, Ղուկասյանը նշեց, որ Արևմուտքից Հայաստանին հատկացվող միջոցները չնչին են ռուսական ներդրումների համեմատ, իսկ Հայաստանի տնտեսության համար ռուսական շուկայի դերն ու նշանակությունը մրցակցություն չունի։

«Հասարակական-քաղաքական որոշ ուժեր, որոնք հանդես են գալիս հակառուսական օրակարգով և որպես այլընտրանք առաջարկում պետության զարգացման արևմտյան ուղին, չունեն հստակ փաստարկներ և զբաղված են միայն Հայաստան հոսող օտարերկրյա դրամաշնորհների իրացմամբ, որոնք հակասում են ՀՀ շահերին։ Արտաքին ֆինանսավորմամբ ՀԿ-ները ավելի շատ ծառայում են արտաքին ուժերի շահերին, քան պետական շահերին»,- ընդգծեց նա։

Մեկնաբանելով Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի վերջին հարցազրույցը՝ Արման Ղուկասյանը նշեց, որ Ռուսաստանը և Հայաստանը ներկայումս քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր համաձայնագրեր։ Նա նաև հիշեցրեց. «Վերջերս Հայաստանը և Ռուսաստանը ստորագրեցին նաև շրջանակային պայմանագիր՝  ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու համալիր միջոցառումներ իրականացման համար։ Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս ներդրումներ կատարել այս ոլորտում։ Հայկական ատոմակայանի համար Ռուսաստանին այլընտրանք պարզապես չկա»։

Հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանի իշխանությունները, ըստ նրա, անհեռատես որոշումներ են կայացնում, և եթե նույնիսկ ցանկանում են հայ-ռուսական հարաբերություններին վնաս հասցնել, դրանից տուժում է Հայաստանի իմիջը և անվտանգությունը։ Որպես օրինակ՝ նա հիշեցրեց Sputnik Արմենիայի ռադիոկայանի հեռարձակումը մեկ ամսով սահմանափակելու որոշումը. «Չկա որևէ տրամաբանություն, իրավական հիմք՝ Sputnik ռադիոկայանի հեռարձակումը մեկ ամսով սահմանափակելու, բայց կա փաստ, որ դա վնասում է աշխարհում Հայաստանի իմիջին՝ որպես ժողովրդավարական երկրի, որտեղ խոսքի ազատությունը սահմանափակվում է»,- ընդգծեց նա։

Ամփոփելով՝ Արման Ղուկասյանը նշեց, որ ակնհայտ է՝ Հայաստանի ղեկավարությունը քաջ գիտակցում է Ռուսաստանի հետ երկխոսության շարունակման, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների խորացման կարևորությունը, հետևաբար Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձեր չեն լինի, քանի որ սա հղի է աշխարհաքաղաքական ներկա իրողություններում մեր հանրապետությանը սպառնացող մեծ մարտահրավերներով։

«Հայաստանի իշխանությունները, չնայած բոլոր սուր խնդիրներին, չեն համաձայնի դուրս գալ ՀԱՊԿ-ից, և այդ մասին իրենք հայտարարում են հրապարակավ։ Կարծում եմ, որ գալիք տարում հայ-ռուսական հարաբերությունները պետք է տեղափոխվեն նոր կառուցողական մակարդակ, դա են պահանջում Հայաստանի շահերը, և բոլոր ի հայտ եկած խնդիրները պետք է լուծվեն դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական գործընկերության ոգով», -հավելեց քաղաքագետը։

Պատրաստեց Թագուհի Ասլանյանը