Արցախի պարտավորությունները ՀՀ նկատմամբ կազմում են շուրջ 315 մլրդ դրամ, որոնց սպասարկումն անհնար է դարձել. ֆիննախարար

«Հայաստանի ֆինանսաբանկային համակարգն ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ, այնպես էլ հետո պահպանել է իր ներկայացվածությունը Լեռնային Ղարաբաղում՝ նպաստելով Լեռնային Ղարաբաղի տնտեսության բնականոն գործունեությանը»,- ԱԺ արտահերթ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ դրան նպաստել են ԼՂ կառավարությանը ՀՀ կառավարության աջակցությունն ու ԿԲ կարգավորումները։

«Մասնավորապես, 2020 թվականից կառավարության կողմից  ԼՂ-ին աջակցությունը թույլ է տվել սպասարկել Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի հանդեպ մեծ պարտավորությունները, որոնց  մի մասը ձևավորվել էր նաև պատերազմի հետևանքով։

Լեռնային Ղարաբաղի  կառավարության և վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, ԼՂ իրավաբանական և ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ 2023 թվականի դեկտեմբերի  29-ի դրությամբ կկազմեն  շուրջ 315 միլիարդ դրամ, որոնց գերակշիռ մասի սպասարկումը  ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված անհնար է դարձել»,- հայտարարեց նախարարը։

Նրա խոսքով, նշվածն առաջ է բերում մի շարք բացասական  ռիսկեր, մասնավորապես, ՀՀ ֆինանսաբանկային համակարգի կապիտալի էական կորուստներ և  ֆինանսական կայունության խաթարում, ֆինանսական ցուցանիշների և բանկերի վարկանիշների էական վատթարացում, ֆինանսական ցուցանիշների  վատթարացման հետևանքով վարկավորման տեմպերի անկում, հետևաբար  տնտեսական ակտիվության նվազում, ԼՂ բնակչության առանձին խմբերի վարկունակության էական վատթարացում ստեղծված սոցիալական ծանր պայմաններում։

«Նախագծով նախատեսվում է նշված շուրջ 315 մլրդ դրամ պարտավորությունների վերջնական չափը վերակառուցել ՀՀ կառավարության և ֆինանսական կազմակերպությունների միջև, համապատասխանաբար, 70% և 30% համամասնությամբ: Ընդ որում, ՀՀ կառավարության կողմից պարտավորությունների ստանձնվող 70% չափի մասով ՀՀ կառավարությունը կթողարկի պետական գանձապետական պարտատոմսեր՝ ձեռք բերելով վերակառուցվող ամբողջ պարտավորությունների նկատմամբ պահանջի իրավունքը:

Ընդ որում, նախագծով առաջարկվում է թույլատրել Հայաստանի կառավարությանը թողարկել գանձապետական պարտատոմսեր՝ առավելագույնը մինչև 225 մլրդ դրամ անվանական արժեքով: Արդյունքում ակնկալվում է էապես մեղմել Հայաստանի ֆինանսական համակարգում առաջացած ռիսկերը և դրանցից բխող տնտեսության համար ստեղծվող ռիսկերը, որը թույլ կտա պահպանել տնտեսության կայուն զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող ֆինանսական կայունությունը։

Բացի այդ, ակնկալվում է վերականգնել ԼՂ բնակչության առանձին խմբերի վարկունակությունը և հնարավորություն ընձեռել հետագայում իրենց գործունեությունը ծավալելիս ֆինանսական համակարգի հետ հարաբերություններում խոչընդոտների չհանդիպել: Միաժամանակ, առաջարկվում է սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնց արդյունքում վերոնշյալ գործարքը հարկային հետևանքներ չի առաջացնի ՀՀ ֆինանսական կազմակերպությունների համար:

Կառավարությունը պատրաստակամությունն է հայտնել իր վրա վերցնել բեռի մեծ մասը: Սրա հետևանքով վերակառուցվում է, այսինքն՝ զիջվում է պարտավորության նկատմամբ իրավունքների ամբողջ մասը կառավարությանը, դրա փոխարեն բանկային համակարգը ստանում է պետական գանձապետական պարտատոմսեր:

Մենք մեղմում ենք այն ռիսկը, որ բանկերն այլ պայմաններում պետք է կրեին, քանի որ Լեռնային Ղարաբաղի կառավարությունը կամ այն տնտեսվարող սուբյեկտները, ում նկատմամբ կային պահանջներ, այլևս չեն կարողանալու այդ պահանջները սպասարկել»,- ասաց Վ. Հովհաննիսյանը: