Արդյո՞ք շան կծելու հետևանքով մահացած կնոջը պատշաճ բուժօգնություն ցուցաբերվել է

Մամուլում տեղեկություններ եղան, որ շան կծելու հետևանքով առաջացած կատաղություն հիվանդության պատճառով, դժբախտաբար, երիտասարդ կնոջ մահվան դեպք է արձանագրվել, այս մասին հայտնել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Կատաղությունը վարակիչ հիվանդություն է, որը շան կամ այլ գիշատիչների թքի միջոցով փոխանցվում է այլ կենդանիներին կամ մարդուն։ Մարդուն կենդանու կծելու դեպքում կատաղությունը բուժվում կամ, ավելի ճիշտ, կանխարգելվում է դրա դեմ պատվաստվելով։

Կարծում եմ՝ նման դեպքերում պետք է քրեական գործ հարուցվի, որպեսզի քննության առարկա դառնա, թե արդյո՞ք կնոջը պատշաճ բուժօգնություն ցուցաբերվել է, թե՞ ոչ։ Եվ հատկապես պետք է պարզաբանվի շան կծելուց հետո նա պատվաստվե՞լ է, թե՞ ոչ։ Եթե չի պատվաստվել, ապա՝ ինչո՞ւ։ Բուժհաստատությունում կատաղության դեմ պատվաստանյութ եղե՞լ է, թե՞ ոչ, եթե չի եղել, ապա՝ ինչո՞ւ։ Պետք է պարզաբանվի նաև, թե արդյո՞ք դեպքի վերաբերյալ պատշաճ կերպով տեղեկացվել են սանիտարահակահամաճարակային մարմինները, եթե ոչ, ապա՝ ինչո՞ւ։

Հ.Գ. Թափառող շների խնդրի մասին շատ է խոսվել վերջերս և ակնհայտ է, որ այն նույնպես պետք է լուծվի, և համայնքները պետք է հավելյալ ռեսուրսներ ներդնեն այդ հարցը արագ և վերջնական լուծելու համար»,- Facebook-ում գրել է Թորոսյանը։