Հատուկ օպերացիա Գեղարքունիքում. բերման են ենթարկվել 30-ից ավելի մարդ․ Shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Գեղարքունիքի մարզում ոստիկանական հատուկ օպերացիա է իրականացվել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Երևանից Գեղարքունիքի մարզ են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ ջոկատայիններ, որոնք համագործակցելով տեղի ոստիկանական ծառայությունների հետ, 30-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկել ոստիկանության Սևանի և Գավառի բաժիններ:

Կայքի տեղեկություններով՝ բոլորը կասկածվում են ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու մեջ և բերման ենթարկվածների մեջ մեծ թիվ են կազմում նորատուսցիները:

Այս պահին էլ ոստիկանության հատուկ օպերացիան ապօրինի ձկնորսության դեմ պայքարում շարունակվում է:

Ոստիկանության գործողությունների  վերաբերյալ պարզաբանում ստանալու համար Panorama.am-ը դիմել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանին։

«Այս պահի դրությամբ կան ձերբակալվածներ՝ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով։

Ձերբակալությունները տեղի են ունեցել Գեղարքունիքի մարզում։  Բոլոր բերման ենթարկվածները ներկայացվել են նախաքննական մարմին»,-հայտնել է Սարգսյանը։