Ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը թվարկել է Վարդանյանի իրագործած ծրագրերն ու ներդրումները, հետո էլ հիշեցրել, որ նա մեղադրվում է «ահաբեկչության» մեջ. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է․

«Նախօրեին Forbes-ը հոդված (https://www.forbes.ru/milliardery/502441-700-mln-armanskomu-miru-na-cto-tratil-den-gi-obvinennyj-v-terrorizme-ruben-vardanan) էր հրապարակել Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի մասին։ «700 միլիոն դոլար հայկական աշխարհին. ինչի՞ վրա է փող ծախսել ահաբեկչության մեջ մեղադրվող Ռուբեն Վարդանյանը» վերնագրով հոդվածում մանրամասն շարադրված էր, թե ինչ ներդրումներ ու ծրագրեր է արել Ռուբեն Վարդանյանը Հայաստանում, Արցախում և առհասարակ Հայաստանի համար։ Վարդանյանն ընտանիքի հետ ավելի քան 8 միլիոն դոլար է հատկացրել Լեռնային Ղարաբաղում տարբեր ծրագրերով հայերին օգնելու համար, այդ թվում՝ «232 նորապսակ զույգի համար անձամբ Ռուբեն Վարդանյանն է եղել քավորը, ով հետագայում դարձել է այս ամուսնությունների արդյունքում ծնված 428 երեխաների կնքահայրը»,-նշված էր նյութում։

Այս նյութին անդրադարձել (https://www.youtube.com/watch?v=Aak5MBS_bHM) էր ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը, թվարկել Վարդանյանի իրագործած ծրագրերն ու ներդրումները, հետո էլ հիշեցրել, որ վերջինս մեղադրվում է  «ահաբեկչության» մեջ։ Ինձ մոտ տպավորություն է, որ այդ ռեպորտաժը պատրաստել են, որ հետո Վարդանյանի նկատմամբ շինծու դատավարության շրջանակներում նորապսակների ամուսնությունը ներկայացնեն որպես «ահաբեկչության» ֆինանսավորում, նույն տրամաբանությամբ այդպիսին կարող են ներկայացնել եկեղեցիների ու մզկիթի վերակառուցմանը հատկացված գումարները։

Իսկ իրականում որևէ փաստ ադրբեջանցիները չունեն ոչ Վարդանյանի, ոչ էլ Բաքվում ապօրինաբար պահվող այլ անձանց նկատմամբ։ Այդուհանդերձ ակնհայտ է, որ Բաքուն պատրաստվում է իրականացնել ապօրինի ու շինծու դատավարություններ՝ փորձելով նույն Վարդանյանի օրինակով ցույց տալ, որ եթե մարդը աշխատել է Հայաստանի ու Արցախի զարգացման համար, ապա նա խնդիր է Ադրբեջանի վարչակարգի համար։ Դա նաև հայ հանրության շրջանում պայքարը, դիմադրությունը և Ադրբեջանի ծրագրերի խափանումը սպանելու ու պատժելու փորձ է»։